Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՄՇԱԿ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Տնտեսություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող «Մշակ» ձեռնարկությունը ավտոմատ կառավարվող սարքավորումներ պատրաստելու նպատակով տարբեր պետություններից այս տարվա առաջին կիսամյակի համար ստացել է 1 միլիոն 200 հազար դոլարի պատվեր: Սակայն բավական շահութաբեր այս ձեռնարկությունը մինչեւ վերջերս չէր արժանանում պետության ուշադրությանը: Գործարանի մասին տեղեկությունների բացը լրացնելու նպատակով այսօր գործարան այցելեց ՀՀ վարչապետը:

Այսօր ընկերությունը կատարում է պատվերներ, որոնք ստանում է ԱՊՀ երկրներից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից եւ Միացյալ Նահանգներից: Գործարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հիմնականում քննարկվեց, թե ինչ պետք է անի պետությունը ձեռնարկության զարգացման համար: Որպեսզի այսօր ձեռնարկությունը չունենա շրջանառու միջոցների պակաս Անդրանիկ Մարգարյանը խոստացավ պետբյուջեից կանոնավոր կերպով ձեռնարկությանը վերադարձնել վերջինիս կողմից ժամանակին ստացած հարկային գերավճարները: