Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈԵԼՅՈՅԻՆ ՌՈՒՍԵՐԵՆ ՀԱՅՈՒՀԻ Է ԹԱՐԳՄԱՆՈՒՄ

Մշակույթ

Այս օրերին , երբ բրազիլացի հայտնի արձակագիր Պաուլո Կոելյոն Հայաստանում է, ոչ ոք չհիշեց, որ գրողի «Հինգերորդ լեռը» գրքի ( 1998թ) ռուսերեն թարգմանիչը հայ է:

Պորտուգալերենից այն թարգմանել է Վահան Տերյանի ծոռնուհին, Գեւորգ Էմինի վաղամեռիկ որդու դուստրը` մոսկվաբնակ Անահիտ Էմինը: 28-ամյա Անահիտը ավարտելէ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը,տիրապետում է հինգ օտար լեզուների:

Պարզվում է, որ Անահիտ Էմինը ցանկություն է հայտնել գալ հայրենիք, ծանոթանալ Պաուլո Կոելյոյի հետ, մասնակցել նրա հետ հանդիպումներին: Այդ մասին տեղյակ է պահվել Համազգայինի ներկայացուցչին, որը կազմակերպել է աշխարհահռչակ գրողի այցը Հայաստան: Վերջինս այդպես էլ չի ընդառաջել այս խնդրանքին, նույնիսկ այն դեպքում, երբ Անահիտը ցանկություն է հայտնել գալ Հայաստան իր գումարներով:

Անահիտ Էմինի ազգականները հույս ունեն, որ գոնե Պաուլո Կոելյոյին Հայաստանում կտեղեկացնեն «Հինգերորդ լեռը» գրքի ռուսերեն թարգմանչի ազգության մասին:

Ի դեպ, ֆրանսիացի քննադատները «Հինգերորդ լեռը» համարել են «Ալքիմիկոսի» հեքիաթի շարունակությունը, հույսի , համբերության ու կյանքի դաս:

Այն միստիկ եւ գրավող պատմություն է 23-ամյա Իլյա մարգարեի մասին, որն ապրում էր մ.թ. ա. 19-րդ դարում: Նա հարկադրված թողել է իր հայրենիքը եւ ապաստան գտել հնագույն Ակբար քաղաքում` մի այրու եւ նրա որդու տանը:

Հիշեցնենք, որ «Ալքիմիկոսը» առաջին անգամ առանձին գրքով այս տարի է լույս տեսել հայերեն, իսկ «Հինգերորդ լեռը» դեռեւս թարգմանված չէ: