Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱ ԷԼ ՊԱՈւԼՈ ԿՈԵԼՅՈՆ

Մշակույթ

Գրողների միության դահլիճ մտնելու համար, նույնիսկ լրագրողներին, այսօր անհրաժեշտ էր հրմշտվել, խցկվել,գոռալ: Նման իրարանցման «մեղավորը» բրազիլացի արձակագիր Պաուլո Կոելյոն էր, որն արդեն երկու օր է Համազգայինի հրավերով Հայաստանում է :

Հայ հասարակությունը ամեն ջանք գործադրեց նրա հետ հանդիպմանը ներկա լինելու համար: Վերջում դահլիճի մուտքը հսկող ոստիկանները ստիպված եղան բացել երկու դռները եւ բոլորին թույլ տալ ներս մտնել:

Բեմի մի անկյունում` Հայաստանի Գրողների միության նախագահի, քարտուղարի , թարգմանիչների, Համազգայինի ներկայացուցչի հետ նստել էր սեւազգեստ, հոգեւորականի տեսքով մի մարդ:

«Աս է Պաուլո Կոելյոն»,-քիչ անց ծանուցեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Ըստ նրա, «ընթերցողի կուռք» բրազիլացու գրքերը լույս են տեսել 58 լեզուներով 150 երկրներում 48 մլն տպաքանակով:

Ի դեպ, նա հույս հայտնեց,որ Կոելյոյի հայաստանյան տպավորությունները գիրք կդառնան. չէ՞ որ նրա բոլոր ճանապարհորդությունները «արձագանք » են գտնում:

Հետո խոսեցին Կոելյոյի «Ալքիմիկոս» գրքի արեւմտահայերեն եւ արեւելահայերեն թարգմանիչները: «Եթե բան մը կուզես, տիեզերքը կգործակցի քեզ հետ»,- ասաց թարգմանիչ, բեյրութահայ Խաչիկ Մանուկյանը:

«Ալքիմիկոսի» հեղինակը վերջում հայ ընթերցողներին հայտնեց, որ «առեղծվածային է, երբ գրողը տքնում է եւ իր գործը տեղ է հասնում»: Նա առեղծվային համարեց նաեւ մեր երկիրը եւ հույս հայտնեց, որ աշխարհասփյուռ հայությունը «անձրեւի պես» հետ է վերադառնալու:

Պաուլո Կոելյոյի հետ ավելի սերտ շփվելու հնարավորություն էր գրողի ինքնագիրը ստանալը: Պաուլո Կոելյոն ստորագրեց «Ալքիմիկոս» գրքի այն օրինակների վրա, որոնք վաճառվում էին Գրողների միության առաջին հարկում `1500 դրամով: