Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԴԵՌ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Քաղաքականություն

ԱԺ պատգամավորներն այսօր չհասցրեցին առաջին ընթերցմամբ քվեարկել «ՀՀ ընտրական օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ անելու վերաբերյալ օրինագիծը: Քվեարկությունը կանցկացվի հոկտեմբերի 11-13-ի ԱԺ եռօրյա աշխատանքի ժամանակ: Ի դեպ, այդ հետաձգումը հատկապես ձեռնտու էր կոալիցիոն ուժերին, որոնք առ այսօր դեռ համաձայնության չեն եկել համամասնական եւ մեծամասնական հարաբերակցության վերաբերյալ:

Առաջարկվող փոփոխությունների մեկօրյա քննարկումն ակնհայտ ցուց տվեց, որ օրենսգիրքը էականորեն չփոփոխող նախագիծը անկատար է: Բազմաթիվ փոփոխություններ նախատեսվում է իրականացնել օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո միայն:

«Ժողպատգամավոր» խմբի անդամների մոտ հատկապես դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ օրնսգրքով սահմանված չէ, թե ո՞վ իրավունք ունի դառնալ պատգամավոր: «Ոչ մի նշում չկա կրթական ցենզի մասին: Մարդիկ սովորում են 30 տարի, դառնում ակադեմիկոսներ, հետո այստեղ հավասարվում են 3-րդ դասարանի կրթություն ունեցողների հետ»,- ասում է պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն իր հերթին հայտարարեց, որ ցանկալի կլիներ նաեւ հաշվի առնել ընդդիմության եւ արտախորհրդարանական կուսակցությունների կարծիքը:

Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը շեշտեց, որ չի պատրաստվում խնդրել որեւէ մեկին, որ գան իրենց պարտականությունները կատարեն. «ԱԺ-ն գերի չէ եւ երկիրն էլ գերի չէ որեւէ պատգամավորի ձեռքում՝ սպասելով՝ կգա՞ խորհրդարան, թե՞ ոչ»:

Ի դեպ, ՀՀ «Ընտրական օրենսգիրք»-ը փոփոխվում է ոչ միայն ՀՀ ղեկավարության ցանկությամբ, որպեսզի հետագայում կազմակերպվեն եվրոպական չափանիշներով ընտրություններ: Խնդիրն այն է, որ այդ փոփոխության համար ԵԽ ԽՎ-ն ՀՀ իշխանություններին ժամանակ է տվել մինչեւ տարեվերջ:

Իսկ հայաստանյան իշխանությունները միայն հոկտեմբեր ամսին կիմանան Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձագետների գնահատականը «Ընտրական օրանսգրքում» առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: