Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ Է

Քաղաքականություն

Հայաստանում սպասում են կարեւորագույն բեռի, որն առնչվում է Մեծամորի ԱԷԿ-ի շահագործմանը: Հակաահաբեկչական պայքարի շրջանակում Ռուսաստանի՝ Վրաստանի հանդեպ կիրառվող միջոցառումների պատճառով, վրաց-ռուսական սահմանում է մնացել Ատոմակայանի կայանների համար նախատեսված նյութի մեքենան: ՀՀ Կառավարության կողմից տարվող բանակցությունների արդյունքում, կարծես, համաձայնություն է ձեռք բերվել, որ այսօր երեկոյան այդ մեքենային թույլ կտրվի հատել սահմանը եւ ուղեւորվել Հայաստան: Իհարկե, եթե ռուս եւ վրացի սահմանապահները՝ «խցանման» մեջ հայտնված մեքենաների մեջ գտնեն անհրաժեշտ մեքենան:

Թեեւ Հայաստանի ղեկավարությունն անընդհատ հեռախոսազրույցներ է ունենում Վրաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հետ, այնուամենայնիվ, խնդիրը դեռ չի լուծվում: «Հայաստանի իշխանություններից այդ արգելքը անմիջականորեն լուծելու հնարավորություն չկա»,- ասում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հայաստանի «շրջափակման» հարցի լուծումն այս դեպքում կախված է Վրաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների բանակցություններից:

Իսկ մինչ այդ Հայաստանի բեռնափոխադրումների խնդիրն ավելի է բարդացել, քանի որ ներկայումս վերանորոգվում է նաեւ Նովորոսիյսկի լաստանավը: Ուստի խորհուրդ է տրվում ընտրել այլ ճանապարհ՝ Իլիչեւսկի լաստանավով:

Այդուհանդերձ, դա էլ խնդրի լուծում չէ, քանի որ Վրաստան-Ռուսաստան սահմանում մեքենաների կուտակումը շատ մեծ է: «Մեքենաները չեն կարողանում շրջել եւ վերադառնալ Ռուսաստան եւ Ուկրաինայով հասնել Իլիչեւսկ»,- ասում է Անդրանիկ Մարգարյանը: Վերջին շրջանում հաջողվել է հասնել այն բանի, որ սահմանից դեպի Հայաստան բաց է թողնվել շուրջ 20 մեքենա: Սակայն, վրացական կողմը պնդում է, որ որոշակի խնդիր կա մեքենաների բաց թողնելու կապակցությամբ: Հետեւաբար, սահմանում դեռ կան բազմաթիվ «հայկական» մեքենաներ: