Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԵՐՔԻՆ ԼԵԳԻՏԻՄԱՑՄԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ քննարկումը «Կոնգրես» հյուրանոցում այսօր ռուսերենով էր: Մասնակիցները հայ փորձագետներ էին, հրավիրվել էին նաեւ Ադրբեջանից, Վրաստանից: Մեր երկրի հետ հակամարտության մեջ ներքաշված հարեւանի ներկայացուցիչները հրավերը չէին ընդունել:

Վրաստանից ժամանած Կիա Ջոլիորիանին ներկայացրեց ուշագրավ վերլուծություններ. «Կոնֆլիկտները Հարավային Կովկասում ծագել են եվրոպական կառույցներին ինտեգրվելուց առաջ, ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն լուծվում են Եվրաընտանիքին ինտեգրվելու փուլում: Հատկապես կարեւոր է երկրների ներքին լեգիտիմացումը, ինչը կբերի արտաքին լեգիտիմացման, եւ հակամարտությունները առավել արդյունավետ կամ հեշտ կկարգավորվեն»:

Հիշեցնենք, որ Վրաստանում ոչ լեգիտիմ համարվող Էդուարդ Շեվարնաձեի իշխանությանը այս տարի փոխարինեց ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթած Միխաիլ Սահակաշվիլիի իշխանությունը: Նրա պաշտոնավարման օրոք ակտիվացան Հարավօսական, Աբխազական, Աջարական սառած կոնֆլիկտները, որոնցից վերջինն արդեն լուծվել է Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով: