Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ՞ ԲՈՅԿՈՏՈՒՄ

Քաղաքականություն

Ազգային Ժողովում այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի երեւույթ: «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների 10 րոպեանոց քննարկման ժամանակ դահլիճում ներկա էին նաեւ ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմադիր պատգամավորները: Ավելին, նախագիծը զեկուցողին հարցեր ուղղելու նպատակով գրանցված պատգամավորների շարքը գլխավորում էր «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, մտադիր չէր ոչ ԱԺ նիստին մասնակցելու, ոչ էլ հարցեր ուղղելու զեկուցողին: Ընդդիմադիր պատգամավորները ժամը 17:20 էին մտել դահլիճ, քանի որ 17:30-ին սկսվում էր խորհրդարանի ավանդական հայտարարությունների ժամը, որը ընդդիմադիրները միշտ էլ օգտագործել են՝ իրենց ասելիքը հնչեցնելու նպատակով:

Իսկ ԱԺ նիստի ժամանակ Արտաշես Գեղամյանի գրանցումը մեկ այլ նպատակ էր հետապնդում: Սովորաբար, հայտարարությունների օրը «ԱՄ» խմբակցության պատգամավորները սկսում են դժգոհել, որ հայտարարություններ անելու նպատակով գրանցման ժամանակ Արտաշես Գեղամյանի հանդեպ կիրառվում է «համակարգչային դավադրություն»:

Իբր, պարոն Գեղամյանը կոճակը սեղմում է եւ գրանցվում է առաջինը, իսկ ԱԺ նիստերի դահլիճում տեղադրված էլեկտրոնային վահանակի վրա ցուցադրվում է այլ պատկեր. Արտաշես Գեղամյանը գրանցվածների վերջին շարքերում է, ուստի հայտարարության համար նրան ժամանակ չի հասնում այն պարզ պատճառով, որ հայտարարությունների համար հատկացված 30-45 րոպեն ավարտվում է:

Ի դեպ, պարոն Գեղամյանի այսօրվա ցուցադրական քայլի արդյունքում հայտարարություն արեց թվով 5-րդը: Միայն իրեն հատուկ թվաբանական հաշվարկների օգնությամբ նա կասկած հայտնեց, որ հանրությանը ճիշտ չի ներկայացվում դրամի արժեւորման իրական պատճառը: Ըստ Արտաշես Գեղամյանի, Հայաստանում պարզապես «փողերի հսկայական լվացում» է իրականացվում: