Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿՔՆՆԱԿՎԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ

Քաղաքականություն

ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին անընդհատ հետաձգվող քննարկումներն այսօր օրվա երկրորդ կեսին վերջապես կմեկնարկեն Ազգային Ժողովում: Սակայն առավոտյան արդեն Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովը առաջարկեց հարցի քննարկման հատուկ կարգ, որը կապահովի հարցի երկարատեւ եւ բազմակողմանի քննարկում:

ԱԺ-ում այսօր առավոտյան կազմակերպված քվեարկությունների ժամանակ հիմնականում ընդունվեցին առաջին ընթերցմամբ ներկայացված օրինագծերը, որոնք մինչեւ օրենք դառնալը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու:

Մինչեւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւ լրացումներին անցնելը խորհրդարանականները պետք է քննարկեն նաեւ 6 միջազգային պայմանագրերի վավերացման հարցը: Այդ պայմանագրերը կնքվել են 1957-1996 թթ. ընկած ժամանակահատվածում` Վիեննայում, Նիցցայում, Ժնեւում, Բուդապեշտում, Սրտրասբուրգում:

Քննարկմանը ենթակա միջազգային պայմանագրերի շարքում են, օրինակ` «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի», «Նշանների գրանցման նպատակներով ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ» եւ այլ պայմանագրեր: