Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԻԵՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ Է ՕՍԿԱՆՅԱՆԸ

Քաղաքականություն

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ասամբլեայի 59-րդ նստաշրջանում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խիստ կոշտ արտահայտություններ է արել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին: Ներկայացնում ենք մի քանի հատված նրա ելույթից:

«1993-ին ընդունած ՄԱԿ-ի 4 բանաձեւերը պահանջել են հայկական զորքերը անհապաղ եւ առանց նախապայմանների դուրս բերել Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից եւ տեղահանված մարդկանց համար ստեղծել իրենց մշտական բնակավայրերը ապահով վերադառնալու պայմաններ:

Արդարությունը, խաղաղությունը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն ուղղված այս արձանագրություններից եւ ոչ մեկը չի կատարվելՀայաստանի կողմից:Վերջինս երբեք չի հարգել եւ չի ընդունել միջազգային օրենքի հիմնարար սկզբունքները, որոնք տեղ են գտել հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող այս բանաձեւերում:

Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի 7 այլ շրջանները, որոնք կազմում են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, 10 տարուց ավելի գրավված են Հայաստանի կողմից: Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ մաքրման քաղաքականության արդյունքում 1 միլիոնից ավելի ադրբեջանցիներ տեղահանվել են եւ դարձել փախստական:

Հաշվի չառնելով բանաձեւերը, փորձելով ամրապնդել իր ռազմական ագրեսիայի արդյունքները եւ չպատժվելով դրա համար` Հայաստանը սկսեց Ադրբեջանի գրավյալ տարածքներում հայ բնակչության զանգվածային անօրինական բնակեցման կատաղի քաղաքականություն: Դա միջազգային իրավունքի, մասնավորապես «Պատերազմի Ժամանակ Խաղաղ Բնակչության Պաշտպանության» մասին 1949 թվականին ընդունված ժնեւյան Կոնվենցիայի կոպիտ խախտում է:

Դեռ ավելին, իրավիճակը սրեց թմրանյութերի անօրինական շրջանառության, զինամթերքի տեղափոխման, ահաբեկիչներին ապաստանելու, ապօրինի տնտեսական գործունեության եւ մաքսանենգության նպատակներով այդ տարածքների կիրառումը: Ադրբեջանի գրավյալ տարածքները դարձան «մոխրագույն գոտու» նման մի բան` Ադրբեջանի կառավարության վերահսկողությունից դուրս, միջազգային որեւէ դիտարկումից ազատ տարածքներ:

Ինքնահռչակ, չճանաչված, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար:

Ես կոչ եմ անում անդամ պետություններին գործի դնել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի իրենց համերկրացիները եւ հասարակությունները հարգեն միջազգային իրավունքը եւ կանխեն ապօրինի գործողությունները այդ տարածքներում:

Հակամարտության քաղաքական կարգավորումը, որը վերջին 12 տարիներին ընթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ներքո, մինչ օրս արդյունք չի տվել: Մինսկի խումբը ոչ մի լուրջ կարծիք չի հայտնել Անվտանգության Խորհրդի բանաձեւերի կիրառման, գրավյալ տարածքներում Հայաստանի ապօրինի գործողությունների եւ իրավիճակի գնահատման վերաբերյալ:

Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի, նրա Անվտանգության Խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ նրա Մինսկի խմբի այսօրվա պասիվ եւ լուռ վերաբերմունքի ներքո, ինչպես նաեւ առանց միջազգային հանրության ուժեղ ճնշման Հայաստանը չի փոխի իր ագրեսիվ եւ կործանիչ դիրքորոշումը:

Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների գրավման, տարածքային ամբողջականության խախտման եւ էթնիկ մաքրումների արդյունքների հետ»,- նշել է Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 24-ի իր ելույթում:

Սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքում ելույթ կունենա ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը նաեւ իր փաստարկներով կհակադաձի Ադրբեջանի նախագահին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի Ասամբլեայի նստաշրջանին չի մասնակցում: Ինչպես նախորդ շաբաթ հայտնել էր Վարդան Օսկանյանը, նպատակահարմար չի համարվել այս տարի ՀՀ Նախագահի մեկնելը Նյու-Յորք: