Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՂՈՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ

Քաղաքականություն

Ինչո՞ւ այսօր Միացյալ Աշխատանքային Կուսակցությունը բոյկոտեց «ՀՀ ԿԲ եւ ՌԴ ԿԲ միջեւ վարկային կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու ոլորտում համագործակցության մասին» միջազգային պայմանագրի քվեարկությունը: Թեեւ պատգամավորները հավանության արժանացրին միջազգային պայմանագրի վավերացումը, այնուամենայնիվ, ՄԱԿ խմբակցությունում համարում են, որ բանկային ոլորտի կարեւորագույն նախապայմաններից մեկը գաղտնիության պահպանումն է:

Վերոհիշյալ միջազգային պայմանագրի վտանգավոր դրսեւորումներից մեկը կարող է լինել այն փաստը, որ գաղտնիությունն այլեւս չի պահպանվի եւ ՌԴ ԿԲ-ն ցանկացած պահին կարող է բացահայտել ՀՀ ԿԲ բանկային գաղտնիքը: Այդ տեսակետն ընդունում է նաեւ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Սակայն, նա ակնարկում է, որ այդ ամենը փոխադարձ դրսեւորում կարող է ունենալ. «Դու ինձ, ես քեզ» սկզբունքով:

Այսօր ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ստիպված էր եւս մեկ անգամ անդրադառնալ ԿԲ ոսկու ողջ պաշարի վաճառքի խնդրին: «ՕԵ» խմբակցության պատգամավոր Մեխակ Մխիթարյանին հետաքրքրում էր. արդյո՞ք հայկական դրամի արժեւորումը կապված է ոսկու վաճառքի հետ: ԿԲ նախագահի պատասխանը միանշանակ էր՝ ոչ:

Դրամի արժեւորումը պայմանավորված է այլ գործոններով, իսկ ոսկու վաճառքը իրականացվել է այլ նպատակներով: «Դեռեւս 80-ական թվականներից սկսած ոսկին կորցնում է իր արժեքը: Ոսկու գինը այսօր կտրուկ տատանվում է միջազգային շուկայում»,- պարզաբանեց Տիգրան Սարգսյանը. «Ոկին չի ապահովում եկամտաբերություն: Մենք ստիպված էինք վճարել բանկերին, որտեղ պահվում էր մեր ոսկին՝ մատուցած ծառայության դիմաց»:

Հենց դա էր պատճառը, որ 3 տարի առաջ ԿԲ խորհուրդը որոշել էր վաճառել համախառն արտաքին պահուստներում ունեցած ոսկին: Տիգրան Սարգսյանի պնդմամբ այդ լավագույն գործարքի արդյունքում 3,5 միլիարդ դրամի եկամուտ է ունեցել Կենտրոնական Բանկը:

ՀՀ ԿԲ համախառն արտաքին ակտիվներում այսօր կա եվրո եւ անգլիական ֆունտ, որոնցով էլ չեզոքացվում է դոլարի տատանման բացասական արդյունքը:

Պատգամավոր Մեխակ Մխիթարյանի տարակուսանքին, թե ոսկին էլ ոչ մեկին պետք չէ՞, Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, որ արտադրության առումով ոսկին դեռեւս գին ունի նաեւ իրականացնում է միայն հարստացման ֆունկցիա: