Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԵ՞Ն<p>Թե՞ Զախարյանը փոշմանել ա

Տնտեսություն

«Այբ-Ֆե»շաբաթաթերթի նյութերից

Երբ Երեւանի Խանջյան փողոցով անցնող տրամվայի գծերն ապամոնտաժելուց հետո «արմատախիլ» արվեցին նաեւ շահագործումը դադարեցրած մյուս երթուղիների գծերը, միանգամից սկսվեցին ավանդական շահարկումները, թե՝ «էս էլ են հանում-ծախում պարսիկներին»: Այդ տրամաբանությամբ պետք է ենթադրել, որ տրամվայի վերջին երթուղու շահագործումը դադարեցնելուց հետո ախորժակավորները միանգամից կհարձակվեին վերջին մնացած գծերի ու հիմնափայտերի վրա, միանգամից կդեմոնտաժեին ու կուղեւորվեին Պարսկաստան:

Կյանքը ցույց տվեց, որ բոլորովին այդպես չէ. մինչ օրս հանվել են միայն Զեյթուն համանքի «տրամվայի կրուգ» եւ Բութանիայի (Թոխմախի) համանուն հատվածի գծերը: Դրանք ապամոնտաժել են մասնավոր ձեռնարկատերեր, որոնք տվյալ տարածքում շինարարություն սկսելու ծրագրեր ունեն:

Ինչ է ստացվում, հսկայական մետաղե զանգվածները ոչ մեկի համար հետաքրքրություն չե՞ն ներկայացնում:

Երեւանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրեն Հարություն Երեմյանը պարզաբանեց, որ նախորդ տարվա ապամոնտաժված գծերի տարածքը գտնվում էր «Լինսի» ծրագրով ասֆալտապատման ծրագրի տակ: Իսկ այս տարի չապամոնտաժվեցին, որովհետեւ այդ քանդվելիք տարածքը ասֆալտապատելու փող չկար:

Հնարավոր չէ՞ր դրանց վաճառքից գոյացած միջոցներով փողոցները նորոգել՝ հարցին ընկերության ղեկավարը պատասխանեց. «Ռելսերի գինը բոլորովին չի փակում նույնիսկ իր զբաղեցրած տարածքն ասֆալտապատելու ծախսերը»: Նա չկոնկրետացրեց, թե 1քմ հաշվարկով որքան է կազմում դրա գումարային վնասը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ապամոնտաժված գծերն ու դրանց հիմնափայտերը կառավարության որոշմամբ հատկացվեցին բանակին՝ «խրամատներում օգտագործելու նպատակով» ձեւակերպմամբ: Այս տարի բանակին այլեւս ռելսեր պետք չեն, իսկ «Լինսի» հիմնադրամով ճանապարհներ չեն ասֆալտապատվելու, ուստի տրամվայի գծերը կմնան ճանապարհներին փռված: Այդ վիճակը, «տրամվայների զորացրման» ծրագիրը սկսելիս, Երեւանի տրանսպորտի պատասխանատուները համարում էին ճանապարհները քայքայող, մեքենքների անվադողերը շարքից հանող եւ քաղաքում վթարածին իրավիճակներ ստեղծող:

ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ