Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՈՒՂԻ ԿԸՆՏՐԻ

Տնտեսություն

«Այբ-Ֆե»շաբաթաթերթի նյութերից

Մի քանի օր է, ինչ Հայաստանը հայտնվել է ավելի ծանր շրջափակման մեջ: Ռուսաստանը, իր անվտանգությունն ապահովելու համար, փակելով Ադրբեջանի եւ Վրաստանի հետ իր սահմանները, ակամայից շրջափակման է ենթարկել նաեւ Հայաստանին` փակելով ՀՀ-ի՝ այլ երկրների հետ կապող հիմնական ճանապարհը:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բեռնափոխադրումներով զբաղվող հայաստանյան որոշ կազմակերպությունների մեքենաները «պատանդ» են մնացել Վրաստան-Ռուսաստան սահմանում: Ընկերությունների ղեկավարները տարբեր կերպ են փորձում լուծել ստեղծված խնդիրը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես դեռ չեն զբաղվում ստեղծված իրավիճակի շտկմամբ: Իսկ իրականում ստացվում է այնպես, որ մեր ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանից Հայաստանը «ոչ մի լավ բան չի տեսնում»:

Վերջին օրերին հարեւան երկրների սահմանների փակումը մեծապես վնասում է Հայաստանի տնտեսությանը: Բեռնափոխադրումներով զբաղվող մեկ տասնյակին հասնող հայաստանյան կազմակերպությունները տարբեր ճանապարհներ են «հորինում» իրենց բիզնեսն առանց դադարի շարունակելու համար:

Օրինակ` բեռնափոխադրումներով զբաղվող «Կարկոմավտո» ընկերությունից տեղեկացանք, որ իրենք ունեցել են «սահմանային» խնդիրներ` ավտոմեքենաների կուտակում, բայց դրանք մի կերպ լուծել են:

Ընկերությունում խոստովանում են, որ «մի կերպ խնդիրները լուծելով» բիզնեսը շահութաբեր չէ: Գիտակցելով, որ ներկայումս ամեն անգամ խնդիր է առաջանալու սահմանում, ընկերությունն այնուամենայնիվ, շարունակելու է իր գործունեությունը` այն հույսով, որ շատ շուտով կլուծվի ռուս-վրացական խնդիրը: «Արմենիա-Լադա» ռուս-հայկական Հ/Ձ-ն նույնպես խնդիրներ ունեցել է, բայց հետո ընտրել է բեռնափոխադրումների այլ ճանապարհ:

Այդպիսի «պահուստային տարբերակներ» ընտրել են նաեւ «Հայտրանսառաքող», «Ապավեն» եւ այլ ընկերությունները: Տվյալ դեպքում հասկանալի է, որ Իրանով, Ուկրաինայով եւ ուրիշ ճանապարհով բեռնափոխադրումներն ավելի երկար են, ուստի բեռնափոխադրման արժեքն ավելի թանկ կլինի:

Հայաստանի համար հեռանկարային չէ նաեւ մեկ այլ ծրագիր, որի հետ կապ ունի նորից Ռուսաստանը: Մի քանի շաբաթ առաջ «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Գենադի Ֆադեեւը, անդրադառնալով Սուխումի-Մոսկվա երկաթգծի վերագործարկմանը, նշել է. «Աբխազիայի միջոցով ճանապարհ է գնում դեպի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Կովկասի առողջացման բանալին առաջին հերթին բոլոր ճանապարհների բացումն է»:

Թողնենք խնդրի քաղաքական կողմը, որ դեռ պետք է իրար մեջ պարզեն Վրաստանն ու Ռուսաստանը: Հատկանշական է ճանապարհների բացման ակնարկը, որը Հայաստանի տնտեսագետների բնորոշմամբ հեռանկարային չէ:

«Ծրագիրը կլինի հեռանկարային, եթե Մոսկվա-Սոխումի-Երեւան ճանապարհը գործի: Նույնիսկ այդ դեպքում Հայաստանը մնում է ոչ տարանցիկ ուղի: Այսինքն` բեռները գալիս են եւ դեմ են առնում յումրիի կամ Ախուրյանի դեպոյում»,- ասում է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:

Այլ տնտեսագետների կարծիքով նույնպես Սոխումի-Մոսկվա երկաթգծի վերագործարկումը Հայաստանին ոչինչ չի տա:

Տնտեսագետներն ունեն մեկ այլ շահութաբեր առաջարկ: Հաշվի առնելով այն, որ հայաստանյան ապրանքներն առավել մրցունակ են Մերձավոր Արեւելքի երկրներում, քան Եվրոպայում, ապա այդ տեսանկյունից ամենամեծ առավելությունը Հայաստանի տնտեսությունը կունենա միայն այն դեպքում, եթե բացվի Գյումրի-Կարս ճանապարհը, որը հենց ուղի է դեպի Մերձավոր Արեւելք:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի գործունեությանը Հարավկովկասյան տարածաշրջանում, ապա որոշ մեկնաբանությունների համաձայն ՌԴ-ին ձեռնտու է անկայուն իրավիճակը, որպեսզի տարածաշրջանում մնան նաեւ ռուսաստանյան զորքերը:

Այդտեղից էլ գալիս է ավտոմեքենաների ճանապարհների փակումը, առանց Վրաստանին տեղյակ պահելու Ռուսաստանի կողմից Մոսկվա-Սոխումի երկաթգծի ինքնագլուխ վերագործարկումը եւ այլ քայլեր, որոնք դեստրուկտիվ դեր են ունենում տարածաշրջանում:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ