Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՆԱԵՎ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԻՑՆԵՐ ԵՆ

Տնտեսություն

Փողերի լվացման դեմ պայքարելու նպատակով Հայաստանի Կենտրոնական եւ Վրաստանի Ազգային բանկերի նախագահները այսօր փաստաթուղթ ստորագրեցին: Այն կոչվում է «Վարկային կազմակերպությունների գործունեության վերահսկողության ոլորտում համագործակցության համաձայնագիր»:

Անվանումից երեւում է, որ հարեւան երկրները որոշել են բանկերին վերահսկելիս միմյանց օգնել:

Արարողությանն հաջորդած մամլո ասուլիսում Վրաստանի Ազգային բանկի նախագահ Իրակլի Մանագաձեն հայտնեց, որ ինքը հայաստանցի գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ վաղուց է մտերիմ, հատկապես, որ երկուսն էլ բանկի ղեկավար գրեթե միաժամանակ են դարձել:

Իրակլի Մանագաձեն բանկի նախագահ է ընտրվել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարնաձեի օրոք, եւ այսօր երկրի իշխանության ղեկին նրա քաղաքական հակառակորդ Միխաիլ Սահակաշվիլին է:

Բանկիրից փորձեցինք ճշտել՝ ինչպե՞ս է նոր նախագահը այդ կարեւոր պաշտոնին թողել նախորդ ռեժիմի ներկայացուցչին: «Կենտրոնական բանկը դուրս է քաղաքականությունից, երկրորդն էլ՝ ես նշանակվել եմ 7 տարի ժամկետով: Դեռեւս չեմ տեսնում պատճառներ, կամ չեմ զգում տրամադրություններ, որ նախագահն ինձ ազատի» ,- պատասխանեց Մանագաձեն:

Նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2005թ. մարտին: