Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՐԱՄԸ ԿՀԱՂԹԻ՞ ԴՈԼԱՐԻՆ

Տնտեսություն

Այսօր Կենտրոնական բանկում Վրաստանի Ազգային բանկի նախագահ Իրակլի Մանագաձեն տարակուսանք հայտնեց, որ լրատվամիջոցներն ու վերլուծաբանները դժգոհում են ազգային վալյուտայի արժեվորումից:

Տեղեկացնենք, որ այս տարեսկզբից պետական արժույթի 20% արժեվորման պրոցես է ընթացել նաեւ հարեւան Վրաստանում:

Դժգոհողների հակափաստարկներից մեկն էլ այն է, որ ազգային վալյուտան արժեվորվում է, սակայն ապրանքների գները չեն իջնում: Վրացի գլխավոր բանկիրը պարզաբանեց, որ մի բան է տարադրամի փոխարժեքը, այլ բան՝ ապրանքի էժանանալը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանից փորձեցինք ճշտել, համամի՞տ է արդյոք իր վրացի գործընկերոջ հետ: Հայաստանի գլխավոր բանկիրը պատասխանեց. «Իհարկե, դրանք տարրական դպրոցական գիտելիքներ են: Եթե տատանումները երկարաժամկետ չեն, երեւույթը շատ բնական է»:

Ստացվում է, որ տարրական դպրոցական գիտելիքների սկզբունքով Ազգային դրամը դոլարի համեմատ կարճաժամկետ «լողալով» կարող է հասնել 1 դրամը = 1 դոլարի փոխարժեքի, սակայն հացի գինը մնա 200 դրամ, եւ Հայաստանի քաղաքացին մեկ հացի համար վճարի 200 դոլար՝ ուրախանալով, որ դրամը կայունացել է: