Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՅՈՒՐԱՑՎԵԼ Է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսություն

2002-2003 թվականների ցրտահարությունից տուժած 6 մարզերին օգնելու նպատակով միջազգային կազմակերպություններից մեկը հատկացրել էր 650 տոննա ցորենի սերմացու: Այդ օգնության 2100 կիլոգրամի սխալ բաշխման համար այսօր դատական հայց է ներկայացվել Արմավիրի մարզի դատարան:

Պարզվում է, Արմավիրի մարզի Դիմիտրով գյուղում օգնությունը չի հասել իրական հասցեատերերին: Գյուղապետ Լյուդվիգ Խլղաթյանը, օգտագործելով իր լծակները, յուրացրել է միջազգային օգնությունը:

Գյուղի բնակիչները պնդում են, որ օգնություն ստացած 16 դիմիտրովցիներից առնվազն 8-ը գյուղապետին մոտ կանգնած մարդիկ են, օգնության ցուցակում եղել են նաեւ մարդիկ, որոնք Դիմիտրով գյուղի փոխարեն այդ ժամանակշրջանում բնակվել են Ռուսաստանում:

Որոշ տեղեկությունների համաձայն, օրինախախտ գյուղապետի «մեջքին» կանգնած են ավելի բարձր պաշտոնյաներ: Մասնավորապես շոշափվում է Տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի անունը:

Այսօր դիմիտրովցիները խնդիրը կոռուպցիայի եւ կաշառակերության դաշտից փորձում են տեղափոխել բոլորովին այլ դաշտ: Նրանք պնդում են, որ տեղի է ունեցել ազգային խտրականություն: Դիմիտրով գյուղը հայտնի է իբրեւ ասորական գյուղ, թեեւ ընդհանուր բնակչության ընդամենը 30 տոկոսն է ասորի: Բացի այդ, վերոնշյալ համոզմունքն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ գյուղապետի գործունեությունից տուժել են նաեւ գյուղի հայ բնակիչները:

Ներկայումս խնդիրը հասարակական հնչեղություն է ստացել եւ կոռուպցիայի տվյալ դեպքը քննարկվում է տարբեր պաշտոնյաների ներկայությամբ: Օրինակ՝ Տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող փոխնախարար Գագիկ Ասլանյանը խոստովանում է, որ իր վերադասը՝ Հովիկ Աբրահամյանը չի հանդուրժում Դիմիտրովի գյուղապետի պես մարդկանց: «Քննարկմանը իմ ներկա գտնվելը, նաեւ խնդրի հետագա քննարկումը Հովիկ Աբրահամյանի հետ իր արձագանքը կստանա եւ դուք անպայման կլսեք դրա մասին»,- ասում է պարոն Ասլանյանը:

Ազգային փոքրամասնությունների գծով ՀՀ վարչապետի խորհրդական Հրանուշ Խառատյանը գտնում է, որ «ազգային փոքրամասնություն» հասկացությունը տվյալ դեպքում կնպաստի խնդրի լուծմանը. «եթե գյուղն ամբողջությամբ հայկական լիներ, ապա շատ ավելի քիչ շանսեր կլիներ, որ խնդիրը դատական լուծում կստանա»: