Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԻՆՈՇՈԿՆ ԱՎԱՐՏՎԵՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՄՐՑԱՆԱԿ ՉՈՒՆԻ

Մշակույթ

Կինոշոկ փառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ ղազախական ռեժիսոր Ռուստեմ Աբրաշեւի «Վերածնունդի կղզի» ֆիլմը: Նման կանխագուշակումներ փառատոնի 10 օրերի ընթացքում արվում էին, եւ ֆիլմը համարվում էր Գլխավոր մրցանակի հիմնական հավակնորդներից մեկը:

Թերեւս պատահական չէր այն, որ ղազախական արտադրության տարբեր ֆիլմեր ստացան «Կինոշոկի» մի քանի մրցանակներ: Ակնհայտ է, որ ղազախական կինոն ներկայանում է նոր որակով. «Օրինաչափություն է, եթե կինոն զարգանում է, նշանակում է երկիրն էլ է զարգանում»,- նշեց կինոգետներից մեկը:

«Լավագույն ռեժիսոր» մրցանակը տրվեց Սերիմ Աբրիմովին` «Որսորդ» ֆիլմի համար /Ղազախստան/: Իսկ "Short Shok" մրցույթի միջազգային ժյուրիի գլխավոր մրցանակը` Սերիկբոլա Ուտելբեռգենովի «Համր զովություն» ֆիլմին /Ղազախստան/:

Հայկական ֆիլմերից եւ ոչ մեկը մրցանակի կամ դիպլոմի չարժանացավ: Փոխարենը միանգամից 2 մրցանակ ստացավ մոսկվաբնակ ռեժիսոր մեր հայրենակից Աննա Մելիքյանի «Մարս» լիամետրաժ կինոնկարը: «Մարսին» շնորհվեց Մեծ Ժյուրիի հատուկ դիպլոմ եւ պրոդյուսերների ժյուրիի մրցանակը:

Տղամարդու լավագույն դեր մրցանակը տրվեց 2 դերասանի` Աբիդա Ասոմովին եւ Նոդիրա Սաիդալիեւին` «Հսկան ու կարճլիկը» ֆիլմում դերերի համար:

Կնոջ լավագույն դերի մրցանակը շնորհվեց Դանա Ագիշեւային: Իսկ լավագույն օպերատորական աշխատանքի մրցանակը ստացավ էստոնական «Սոմնամբուլա» ֆիլմի օպերատոր Ռեին Կոտովը:

Երիտասարդական ժյուրին «Կինո առանց ժապավենի» մրցույթի հաղթող ճանաչեց Սվետլանա Բասկովի «Գլուխ» ֆիլմը: Նույն ժյուրիի դիպլոմներին արժանացան «Հելլո, սատկած ռեժիսոր» ռեժ.Ալեքսեյ Գորդեեւի եւ «Ստիգմա» ռեժիսոր Իրինա Գաչեչիլաձեի ֆիլմերը:

Կինոշոկի «Գոսպոժա ուդաչա» մրցանակը գործում ցուցաբերած արիության եւ արժանապատվության համար հանձնվեց ճանաչված օպերատոր Վադիմ Ուսովին, որն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ա. Տարկովսկին, Գ. Դանելիան:

Մրցանակաբաշխությունն ու փակման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Անապա քաղաքի «Ամառային Էստրադա» դահլիճում: ԱՊՀ երկրների Կինոշոկ 13-րդ փառատոնը փակվեց. դրան մասնակցում էին մոտ 400 կինոգործիչներ: Կինոշոկի գլխավոր տնօրեն Իրինա Շեւչուկը բոլորին խոստացավ. կհանդիպենք հաջորդ տարի:

ՍԵԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԱՆԱՊԱ