Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԹՈՂԱՐԿՎԵՑԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Տնտեսություն

Սեպտեմբերի 22-ից ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարությունը թողարկելու է 1,5 միլիարդ դրամի չափով 7 տարվա մարման ժամկետով եւ 10% եկամտաբերությամբ երկարաժամկետ պարտատոմսեր: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:

ՀՀ կառավարությունը պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով պետական պարտատոմսեր է սկսել թողարկել 1995 թվականից: Մինչեւ 2000 թվականը թողարկվել է միայն կարճաժամկետ, իսկ հետագայում նաեւ միջին ժամկետայնության մասնակի մարումներով պարտատոմսեր:

Արշալույս Մարգարյանի խոսքերով երկարաժամկետ պարտատոմսերը 6-30 տարի ժամկետով են լինելու, եւ այս տիպի պարտատոմսերը ամբողջ աշխարհում կիրառվող հիմնական պարտքային գործիքներն են, որոնց միջոցով են կառավարությունները ձեւավորում իրենց ներքին պարտքը. «Երկարաժամկետ պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա մեր կառավարությանը էապես բարելավել ներքին պետական պարտքի կառավարման որակական ցուցանիշները՝ երկարացնել ժամկետայնությունը եւ էժանացնել պարտքը»:

Պարոն Մարգարյանի հավաստմամբ այսօր մտահոգիչ է այն փաստը, որ բանկերի 60% վատ գործունեության պատճառով ներքին պետական պարտքի ծավալը չի նվազում, իսկ ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով այն կազմում է 1 միլիարդ 120 միլիոն ԱՄՆ դոլար:

Պարոն Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ դեռ չի մարվել 1995-1996 թվականներին Եվրամիությունից վերցրած 2 միլիոն եվրո ցորենի պարտքը, որն, ի դեպ, ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարությունը ցանկացած պահին պատրաստ է մարել: