Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

Այսօր ավարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունը: Վերջին 14-րդ տուրում Արտաշես Մինասյանը հաղթեց Արթուր Չիբուխչյանին եւ 10.5 միավորով դարձավ Հայաստանի 2004թ. չեմպիոն:

Այս կոչման համար նա կպարգեւատրվի 1.5 միլիոն դրամով:

Բացի այդ Մինասյանը ըստ նախնական որոշման կընդգրկվի Հայաստանի հավաքականի կազմում:

2-րդ տեղը գրավեց Կարեն Ասրյանը, որը վաստակեց 9.5 միավոր: Վերջին տուրում Կարենը ոչ-ոքի խաղաց Գաբրիել Սարգսյանի հետ: Ասրյանը կպարգեւատրվի 900 հազար դրամով:

2003թ, առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանը այս անգամ բավարարվեց ընդամենը 3-րդ տեղով եւ ստացավ 600 հազար դրամ: Սարգսյանը վաստակել էր 8.5 միավոր:

7 միավորով 4-րդ տեղում հանգրվանեց Բենիամին Գալստյանը, որը վերջին տուրում դրամատիկ պայքարում հաղթանակ տոնեց Արման Փաշիկյանի նկատմամբ:

Առաջնությունում անհաջող հանդես եկած փորձառու Աշոտ Անաստասյանը ի վերջո գրավեց 5-րդ տեղը: Անաստասյանը 14-րդ տուրում հաղթեց Տիգրան Քոթանջյանին:

Մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով եզրափակեց հենց Տիգրան Քոթանջյանը: