Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՅՈՒՐԻ ԲԱՇՄԵՏԸ ՍԻՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍՏՈՒՐՄԱՆ

Մշակույթ

Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի հայաստանանյան մասնաճյուղը աշխարհահռչակ կոմպոզիտոր, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետին այսօր շնորհեց պատվավոր անդամի կոչում:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի խոսքերով, Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի անդամներ են աշխարհահռչակ գիտնականներ, կոմպոզիտորներ, նաեւ հայտնի քաղաքական գործիչներ, օրինակ, մեր երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Յուրի Բաշմետի խոսքերով, բազմաթիվ անգամ լրագրողները իրեն հարցրել են երջանկության մասին եւ ամեն անգամ նա նույն ձեւով է պատասխանել՝ երջանկությունը սուր եւ կարճատեւ հասկացություն է. «Երեւի թե այսպիսի պահերն են պարգեւում մարդկանց երջանկություն»:

Հանրահայտ կոմպոզիտորը շատ է հավանում հայկական խոհանոցից հատկապես բաստուրման եւ թարմ մրգերը ու բանջարեղենը. «Հիացել եմ եւ հիանում եմ հայ կնոջ խոհանոցային երեւակայություններով»:

Այսօր Արամ Խաչատուրյանի անվան համերգային դահլիճում ժամը 20:00-ին տեղի կունենա Յուրի Բաշմետի եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի համերգը: