Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈ՞ՒՄ», ԹԵ՞ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Տնտեսություն

ՀՀ իշխանությունները խոստանում են ամեն ինչ անել, որ երկրի բնակչությունը խնայողություններ անի ոչ թե դոլարով կամ եվրոյով, այլ դրամով: Իշխանությունների նմանատիպ ոգեւորությունն առաջացել է հատկապես մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դոլարի կտրուկ արժեզրկման, հետեւաբար՝ դրամի կտրուկ արժեվորման պատճառով:

Հիշեցնենք, որ հուլիսին դրամ-դոլար հարաբերակցությունը կտրուկ տատանվում էր. նախ դրամը արժեվորվեց 6 տոկոսով, այնուհետեւ արժեզրկվեց 3 տոկոսով: Գոյություն ունեցող մեկ տեսակետի համաձայն, դա պարզապես «փողերի լվացման» հետեւանք էր: Այդ տեսակետը, սակայն, չի կիսում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը վերոնշյալ տեսակետը համարում է «անհեթեթություն»:

Ի՞նչն է հայկական դրամի արժեվորման պատճառը, դրակա՞ն, թե՞ բացասական հետեւանք է թողնելու այն մեր տնտեսության վրա, տարադրամի փոխարժեքի տատանումը ներսի, թե՞ դրսի շուկաների ազդեցությամբ է թելադրված, արդյո՞ք սպասելիքները համապատասխանում են իրականությանը, եւ բազմաթիվ նմանատիպ հարցերի պատասխանները այսօր տնտեսագետները փորձում էին ստանալ Աժ-ում: Խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «ՀՀ արժութային քաղաքականությունը եւ 2004 թ. առանձնահատկությունը» թեմայով:

Տիգրան Սարգսյանը բավականին շատ պատճառաբանումներ ներկայացրեց, թե ինչու է դրամը կտրուկ արժեվորվում: Այդ գործում, ըստ ԿԲ նախագահի, մեծ է օրինակ՝ տուրիզմի, տնտեսական աճի գործոնները: «Մենք անխուսափելիորեն գործ ենք ունենալու ազգային դրամի արժեվորման հետ: Եվ մենք պետք է Ձեզ հետ միասին համակերպվենք այս գաղափարի հետ: Որովհետեւ սա նշանակում է, որ մեր ժողովուրդը հարստանալու է, խնայողությունները շատանալու են»,- ասում է Տիգրան Սարգսյանը:

Դրամի արժեվորման տեսանկյունից դրական է դիտվում այսօր արտագաղթը: Պարզվում է, ՀՀ իշխանությունները շնորհակալ պետք է լինեն այն հայերին, որոնք Հայաստանի համար ծանր օրերին լքել ենք իրենց հայրենիքը եւ այսօր այլ երկրներում աշխատանք ունենալու պարագայում կարողանում են դրամական հոսքեր ուղղել դեպի Հայաստանում ապրող իրենց բարեկամները:

Դրամի արժեվորման պայմաններում ԿԲ-ն պետք է աշխատի, որպեսզի մինչեւ տարեվերջ գների աճը կազմի 3 տոկոսից ոչ ավելի: Այդ չափն էլ պայմանավորված է միջազգային շուկաների ազդեցությամբ: