Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2004 –ի ապրիլի 12 –ը մարտի 1 ի նախերգանքն էր» (տեսանյութ)

Քաղաքականություն
7647c0b73bae6a2bc361a2923021328b

Բաղրամյան պողոտան բոլոր դեպքերում եղել է ընդդիմության հանրահավաքների գագաթնակետն ու վերջին հանգրվանը: Վճռական շարժումներն իշխանությունը մշտապես ճնշել է հենց Բաղրամյան պողոտայում:

2003 թվականի նախագահի ընտրությունների պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները, չհամակերպվելով հրապարակված արդյունքների հետ, հանրահավաքային հզոր շարժում սկսեցին:

Ընդդիմության ձեւավորված միասնական շտաբը, որին հաջողվել էր համախմբել 16 կուսակցությունների, շարունակեց պայքարը ոչ միայն ամենօրյա հանրահավաքների, նստացույցերի միջոցով, այլեւ դատական կարգով վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները:

Ստեփան Դեմիրճյանը դիմեց Սահմանադրական դատարան, որը կայացրեց բավականին անորոշ որոշում. մերժեց Դեմիրճյանի հայցը, բայց առաջարկեց խորհրդարանին Հանրաքվեի մասին օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանն ու մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե:

Մեկ տարով գործընթացը սառեցնելու Սահմանադրական դատարանի փորձը հաջողություն չունեցավ: Այդ ընթացքում հանրահավաքային շարժումը նոր թափ էր ստանում եւ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հոծ բազմությունը պահանջեց հանրահավաքի կազմակերպիչներին բարձրանալ Բաղրամյան պողոտա:

Ընդդիմության լիդերները ցուցարարներին առաջնորդեցին դեպի նախագահական նստավայր, սակայն ԱԺ-ի շենքի դիմաց ցուցարարների հոծ բազմությունը դեմ առավ ոստիկանական պատնեշի եւ մի քանի շարք փշալարի: Խաղաղ ցուցարարները չգնացին պրովոկացիայի: Նրանք հստակորեն ղեկավարվում էին ընդդիմության միասնական շտաբի պահանջներով: Խաղաղ ցույցի կազմակերպիչները տեղեկացրին, որ չեն հեռանալու Բաղրամյան պողոտայից եւ հայտարարությում են նստացույց:
Շտաբը ղեկավարում էր պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իսկ անդամներ էին պատգամավորներ, «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների բոլոր պատգամավորները, ընդդիմադիր բոլոր կուսակցությունների լիդերներ:
Տեսնելով, որ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց ճնշելն անհնար է՝ ոստիկանությունն անցավ հարձակման տարբեր ուղղություներով:

Առաջին թիրախը շտաբն էր եւ շտաբի պետը, որին ձերբակալեցիւն, սակայն երկու ամիս անց ապացույցների անբավարարության հիմքով, հասարակության եւ միջազգային կառույցների ճնշումների արդյունքում ազատ արձակեցին, երկրորդ թիրախը ընդդիմադիր երեք կուսակցությունների գրասենյակներն էին: Ոստիկանները խուզարկության անվան տակ ներխուժեցին Հանրապետության, ՀԺԿ-ի եւ ազգային միաբանության գրասենյակներ, կոտրեցին նրանց գույքն ու տարան համակարգիչները, տեսախցիկներն ու անգամ գրասենյակների առջեւ կայանված կուսակցության անդամների ավտոմեքենաները:

Երրորդ ու ամենախոցելի թիրախը խաղաղ ցուցարարներն էին: Ապրիլի 12-ին, ուղիղ 9 տարի առաջ այս օրը, իշխանությունն իր ներուժն օգտագործեց սեփական ժողովրդի ընդվզումը ոչ միայն ճնշելու, այլեւ ոչնչացնելու համար: Մահակներով ու վահաններով զինված ոստիկանները ցուցարարներին շրջափակեցին բառի բուն իմաստով։

Ծեծի էին ենթարկվում անգամ նրանք, ովքեր փորձում էին ծածուկ հեռանալ Բաղրամյան պողոտայից: Մահակավոր ջոկատը Բաղրամյան պողոտա դուրս եկավ ԱԺ-ի շենքի բակից: Այսինքն, այն շենքը, որ պետք է պաշտպաներ ընտրողներին, պատսպարել էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն նախապատրաստող ջոկատայիններին: Այդ օրը ծեծի ենթարկվեցին ոչ միայն խաղաղ ցուցարարներն, ալեւ պատգամավորներ, իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներ, կոտրեցին հեռուստաընկերությունների տեսախցիկները:

Հետո պաշտպանության նախախարար Սերժ Սարգսյանը պիտի ասեր` մեջքներիդ լրագրող գրեք, որ տարբերվեք:

Այս դեպքերից հետո մեկուսարաններում հայտնվեցին ավելի քան 500 քաղաքացիներ, մարդիկ , ովքեր հաշվի առնելով իրենց սահմանադրական իրավունքները, թռուցիկ էին փակցրել, պաստառ կամ դրոշ պահել ձեռքում , ելույթ ունեցել:

«Այն , ինչ կատարվեց ապրիլի տասներկուսին, հանցագործություն էր հայ ժողովրդի հանդեպ եւ պատասխան են տալու բոլորը»,-հայտարարեց «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:
Ոչ ոք կատարողներից, առավելեւս կազմակերպիչներից պատասխան չտվեց: 2004 -ի ապրիլի 12 -ը մարտի 1 ի նախերգանքն էր: