Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՏԱՀԱՆՎԵՆ ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ

Տնտեսություն

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը եւ ԱՄՆ-ի Առեւտրի նախարարությունը Եվրամիության անդամ-երկիր հանդիսացող Միացյալ Թագավորության փորձագետների օժանդակությամբ անց են կացնում սեմինար՝ ԵՄ-ի ապրանքների արտահանման վերահսկման ցանկի մոդելի ընդունման վերաբերյալ:

«Սեմինարի նպատակն է հստակեցնել եւ համապատասխան փաստաթղթերով հաստատել մեր երկրի ազգային անվտանգությանը վերաբերող արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը»,- ասում է ՀՀ ԱԳՆ սպառազինման վերահսկման եւ միջազգային անվտանգության եւ ոչ կոնվենցիալ խնդիրների բաժնի պետ Արման Իսրաելյանը:

Նրա հավաստմամբ, առաջին հերթին այդ ապրանքների վրա դրվելու են ԵՄ-ի չափանիշներին համապատասխանող մաքսային կոդեր, որոնք տվյալ ապրանքի մասին հստակ տեղեկություններ կպարունակեն: ԵՄ-ի արտահանվող ապրանքների վերահսկման ցուցակներում ընդգրկված են բոլոր այն ապրանքները, որոնք տվյալ երկրի համար ազգային անվտանգության նշանակություն ունեն:

Պարոն Իսրաելյանի խոսքերով, այս ծրագրի ընդունման արդյունքում Հայաստանում կավելանան ներդրումները.«Յուրաքանչյուր ներդրող կցանկանա հստակ տեղեկություններ ունենալ, թե տվյալ երկիր որեւիցե ապրանք ներկրելու եւ արտահանելու դեպքում ինչ երաշխիքներ կան»: