Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ` ԽԱՉՎԵՐԱՑ

Մշակույթ

Խաչվերացը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ նշվում է սեպտեմբերի 14-ին մերձակա կիրակի օրը, այսինքն` սեպտեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակամիջոցում (այս տարի` սեպտեմբերի 12-ին):

Տոնի կիրակի երեկոյան կատարվում է ս. Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն եւ անդաստանի կարգ: Արարողությունն սկսվում է ռեհանով ու ծաղիկներով զարդարված Խաչը հանդիսավոր թափորով եկեղեցու բակ դուրս բերելով: Զարդարված խաչով թափորապետը խաչակնքում եւ օրհնում է աշխարհի արեւելյան, արեւմտյան, հարավային եւ հյուսիսային կողմերը` բարեկարգություն ու խաղաղություն հայցելով Աստծուց, եւ վարդաջուր ցողում հավատացյալների վրա, որից հետո խաչը ներս է տարվում եկեղեցի եւ դրվում ս. Սեղանի վրա: Արարողությունից հետո սկսվում է երեկոյան ժամերգությունը, որից հետո ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են մասնակից ժողովրդին։

Ընդհանրապես Տիրոջ մարմնին հպված կամ Տիրոջ տնօրինության հետ կապված բոլոր առարկաները սուրբ ու նվիրական են քրիստոնյաների համար եւ ունեն օրհնող, բժշկող, սրբող եւ պահպանող յուրահատուկ զորություն: Սակայն առավել քան նվիրական է տերունական սուրբ խաչը՝ իբրեւ փրկության միջոց, մահվան պարտությունն ազդարարող նշան, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժշկության աղբյուր:

Փրկչի խաչափայտը` մահվան այդ գործիքը, Քրիստոսի սուրբ արյունով ստացավ կենսագործելու, նորոգելու, բժշկելու եւ հարություն տալու զորություն: Խաչի վրա մեռնելով` Քրիստոսը հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը եւ ջախջախեց մահ կամեցող իշխանի՝ սատանայի գլուխը:

Այս է պատճառը, որ մեր սուրբ եկեղեցիների գմբեթներն ու խորանները պսակված են խաչերով, նաեւ յուրաքանչյուր ծիսական արարողություն կատարվում է Տերունական հաղթության սուրբ նշանով: