Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ինչպես հաղթահավաք արեց (տեսանյութ)

Քաղաքականություն
f2a305a0148f8121433ed349910a5f02

Հետընտրական բոլոր շարժումները միշտ պահանջել են օրվա իշխանության հրաժարականը, որին փորձել են հասնել Րաֆֆի Հովհաննիսյանի բնորոշած հաղթահավաքներով։

«Այս մի քանի օրում կամ մենք պետք է հասցնենք ինչ-որ բան անել, կամ մեր ճակատին գնդակ ստանանք»,- 1996թ ասում էր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։

1996-ի սեպտեմբերի 25-ին Վազգեն Մանուկյանը նախագահի թեկնածուի կարգավիճակում վիճարկում էր ընտրությունների արդյունքները, ըստ որոնց հաղթել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինչ-որ բան պարոն Մանուկյանը փորձեց անել հենց նույն օրը. «Կան շատ ոգեւորված մարդիկ, նամանավանդ կան եւ զինված մարդիկ, որոնք առաջարկում են գնալ եւ գրավել նախագահի պալատը»

Վազգեն Մանուկյանը հրաժարվեց գրավել նախագահի շենքը։ Առաջարկեց շարժվել օրենքով։ Եվ հաղթական երթով ժողովրդին տարավ Ազգային ժողովի դարպասների մոտ։ Ընդդիմության հաղթական երթն այնտեղ էլ ավարտվեց։

Ազգային ժողովի դարպասները կոտրելուց հետո խորհրդարանի շենքի տերուտնօրենը մոտ կես ժամ ժողովուրդն էր, այստեղ բռնություն գործադրվեց Ազգային Ժողովի նախագահի ու փոխնախագահի հանդեպ, որից հետո ժողովուրդը դուրս եկավ խորհրդարանի շենքից ու այլեւս չվերադարձավ։

2003-ին ընդդիմությանն առաջնորդում էր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Նա կողմնակից էր միայն իշխանափոխության սահմանադրական ճանապարհին, սակայն պակաս վճռական չէր, Ռոբերտ Քոչարյանի օգտին կեղծվել էր նախագահի հերթական ընտրությունը։

Ամենավճռական քայլը հաղթանակի ճանապարհին արվեց 2004-ի ապրիլի 12-ին։ Ստեփան Դեմիրճյանի գլխավորած շարժումը գրավեց Բաղրամյան փողոցը, որտեղ նրան արդեն սպասում էին ջրցան մեքենաները, փշալարերը եւ հատուկ ջոկատայինները։ Նույն օրվա իրիկունը ուժայինները ճնշեցին Հայաստանի պատմության մեջ երկրորդ վճռական հաղթահավաքը։։

2008-ի նախագահի ընտրությունները համարվում էին ամենակեղծվածը Հայաստանի պատմության մեջ։ Պաշտոնական արդյունքներով Սերժ Սարգսյանին պարտված նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնում է մինչեւ վերջ գնալու վճռականության մասին. «Կանգնա՞ծ եք։ Մինչեւ վե՞րջ։ Ես էլ եմ կանգնած մինչեւ վերջ»

Կանգնածները կանգնած մնացին մինչեւ մարտի 1-ը։ Հաղթահավաքը կասեցվեց 10 զոհերով։ Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարեց՝ եթե զոհերի թիվը 10 չլիներ, կլիներ ավելին

5 տարի անց՝ այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր հանրահավաքներն ավարտվում են ժողովրդին տուն ուղարկելով։ Պարոն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա միայն իր դիակի վրայով։ Նա գտնվում է հացադուլի մեջ, պատրաստվում է ավարտել վաղը։ Հացադուլն առայժմ ուղեկցվում է գործող նախագահի հետ նամակագրությամբ եւ քաղաքացիական բաց ֆորումով։