Մարիխուանա օգտագործողների թիվն ավելացել է (տեսանյութ)

Պաշտոնական տվյալներով Հայաստանում վերջին շրջանում նվազել է ծանր, ներարկելի տեսակի թմրամիջոցներ օգտագործողների թիվը:

«Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 23 կգ 440 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, որը 2011-ի համեմատ նվազել է մոտ 104 կգ-ով»,-ասում է ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը:

Փոխարենն ավելացել է մարիուխանա եւ այլ` ոչ ներարկելի տեսակի թմրամիջոցների օգտագործումը:

Հայաստանում գերակշռող մարիխուանա տեսակի թմրամիջոցը աճում է գրեթե բոլոր մարզերում: Ներկրվում են ներարկելի ու ծանր համարվող թմրամիջոցները եւ հիմնականում Իրանի Իսլամական Հանրապեությունից:

Չնայած նրան, որ Հայաստանում հաշվարկային տվյալներով կա ներարկային թմրամիջոց օգտագործող 12 800 թմրամոլ, մասնագետները վստահ են, որ իրականում նրանց թիվն ավելի մեծ է: Նույնիսկ այս դեպքում, տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատ, Հայաստանը ավելի լավ վիճակում է:

«Մենք էդքան չենք հետաքրքրում թմրաբարոններին՝ որպես տարանցիկ կամ պահանջարկ ունեցող երկիր: Մի մասը, 10-20 տոկոս մնում է երկրի տարածքում իրացման համար»,-ասում է փոխգնդապետ Մինասյանը:
Ըստ մասնագետների` Վրաստանում եւ Ադրբեջանում թմրամիջոցներն ավելի մեծ տարածում ունեն:

«Մենք 2 երկրի հետ բաց սահման ունենք` Իրանի ու Վրաստանի: Իսկ եթե համեմատենք օրինակ` Ադրբեջանի հետ, այն Իրան հետ սահման ունի, Թուրիքիայի հետ լուրջ կապեր ունի, այնտեղ միջին ասիական երկրներն են, Կասպից ծովն է, Ռուսատանը, իսկ Վրաստանը նույնպես ծով ունի: Այսինքն էդ երկրներ թմրամիջոցների մուտքը բնական է, որ ավելի մեծ ծավալների կլինի»,- ասում է «Առողջապահական նախաձեռնություններ հայկական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սուրեն Նազինյանը

Ինչ վերաբերում է թմրամիջոցների տեղափոխմանը, մասնագետները պարզել են, որ հանցավոր խմբերի կողմից դրանք տարածվում են ռեզինե գնդակների, սրվակների մեջ ծանր թմրամիջոցների տեղադրմամբ, անգամ տեղափոխում են հագուստի մեջ ներծծված: