Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2-ՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Տնտեսություն

««Արմենթելի» դեմ արբիտրաժային գործընթացը չի դադարեցվում, դադարեցվել կարող է, եթե կառավարության եւ OTE-ի բանակցությունները հաջողությամբ պսակվեն»,- այսօր շտապ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Վերջինս վստահեցրեց, որ սկսված բանակցությունները բնավ էլ հարցականի տակ չեն դնելու 2-րդ բջջային օպերատորի մուտքը Հայաստան: «Բջջային կապի ոլորտում կառավարությունը չի հրաժարվելու 2-րդ օպերատորի մուտքից... 2-րդ օպերատորի մուտքը քննարկման առարկա չէ, եւ դա լինելու է բանակցությունների ոչ բանակցային մասը»,- հայտարարեց նախարարը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ կառավարության եւ «Արմենթելի» վեճը չի սահմանափակվում 2-րդ բջջային օպերատորի ներմուծմամբ, այդ վեճը վերաբերվում է եւ գյուղերի թվայնացմանը, եւ գաղտնիության իրավունքի խախտմանը եւ րոպեավճարին եւ նաեւ Ինտերնետ ծառայություններին:

Այնուամենայնիվ պարոն Հարությունյանը չմանրամասնեց, թե հատկապես ինչին են նվիրված ՀՀ կառավարություն - «Արմենթել» բանակցությունները, որոնց շնորհիվ մինչեւ սեպտեմբերի 28-ը կողմերը ձեռնպահ են մնալու փոխադարձ հարձակումներից:

«Բանակցություններն ընթանալու են գաղտնի ռեժիմով եւ որեւէ տեղեկատվության տրամադրումը կարող է բացասաբար անդրադառնալ ընթացքի վրա»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Վերջում նախարարը մեծ հույսեր կապեց բանակցությունների հետ ավելացնելով, որ «կամ արդյունքի կհանգենք կամ արբիտրաժային գործընթացը շարունակվելու է զուգահեռաբար»: