Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՆԿԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԱՐՎԵԼ, «ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ» ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ

Տնտեսություն

1993 թվականից մինչ օրս Հայաստանում լուծարվել է 44 բանկ: Այդ գործընթացը բնականոն է համարում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Մասնագետների կողմից Հայաստանի բանկային համակարգի զարգացումը դեռ գնահատվում է «բավարար», հետեւաբար համակարգի կայացման ժամանակ բանկերի լուծարումները կշարունակվեն:

Ներկայումս սնանկացման գործընթացում է գտնվում եւս 8 առեւտրային բանկ: Տիգրան Սարգսյանը պնդում է, որ դա բացասական ազդեցություն չի ունենա ավանդատուների վրա: Նա հավաստիացնում է, որ «խաբված ավանդատու» հասկացությունը վերանում է, քանի որ վերջին շրջանում լուծարված բանկերի ավանդատուների խնդիրը 95 տոկոսի դեպքում լուծվում է:

Համակարգի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է մինչեւ 2005 թվականը ստեղծել «ավանդների երաշխավորման հիմնադրամ»: Ծրագրի համաձայն Հայաստանի բանկերում ներդրված ավանդները կերաշխավորվեն նույնիսկ 100 տոկոսով:

Ի դեպ, Հայաստանի բանկային համակարգի զարգացման հեռանկարները եւ հիմնախնդիրները քննարկվում էին Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության նախաձեռնությամբ: Ընտրությունների նախաշեմին կուսակցությունը որոշել է առավել ակտիվացնել Հանրապետության նախագահին պաշտպանելու իր մտադրությունը: ՀՌԱԿ-ը կանոնավոր կերպով այսուհետ կազմակերպելու է կլոր սեղաններ Հայաստանում տիրող իրավիճակը քննարկելու համար: Իսկ որպեսզի քննարկումների ուղղությունը պարզ դառնա բավական է միայն ասել, որ Ռուբեն Միրզախանյանն օրինակ չի մտածում պաշտպանել իրենց վերջին գումարները կորցրած խաբված ավանդատուների շահերը: Խաբված ավանդատուներին Միրզախանյանը մեղադրում է ռեւանշիստական ուժերի խնդիրներն առաջ քաշելու մեջ: