Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեդիա կենտրոնը» կաշխատի 24 ժամ (տեսանյութ)

Քաղաքականություն
85c314d575f2be88ccacfd30eb797270

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ նորաստեղծ «Մեդիա Կենտրոն»-ի բացման ասուլիսը: Ներկայացվեցին կենտրոնի նպատակները, առաքելությունը, նախընտրական ու ընտրական շրջանում Մեդիա Կենտրոնում կայանալիք միջոցառումները եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության հնարավորությունները:

Ասուլիսին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Կարել Հոֆստրան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը և «Մեդիա Կենտրոնի» համակարգող Գայանե Աբրահամյանը:

«Մեդիա Կենտրոնը» նոր հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: Մեր հիմնական առաքելությունն է աջակցել լրատվամիջոցներին ընտրությունների լուսաբանման ողջ գործընթացում՝ հասանելի դարձնելով ընտրությունները վերահսկող հասարակական կառույցների, քաղաքացիական նախաձեռնությունների, ընտրատեղամասերում աշխատող դիտորդական խմբերի, հանրային լրագրողների կողմից ստացվող տեղեկությունները:
Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը նշեց, որ իրենք փորձում են անել հնարավորը` նպաստելու ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործին: «Ինչպես գործընկեր մյուս դեսպանատները եւ ներկայացուցչությունները` մենք նույնպես ուշադիր հետեւում ենք ընտրական գործընթացներին, եւ ուրախ ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանին վճռական որոշման մեջ` ձգտել եվրապական չափանիշներին: Կարծում եմ այս կենտրոնն ունի այն հնարավորությունը, որ կարող է ապահովել ընտրական գործընթացների թափանցելիությունը եւ կապն ընտրողների, ԶԼՄ-ների եւ հասարակության միջեւ»,-ասում է Ջ. Էյվսը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ «Մեդիա Կենտրոն»-ը քաղաքացիական հասարակության ակտիվությունը, հմտությունները, տեխնոլոգիաների հնարավորությունը կամրջող օղակ կդառնա. «Մեդիա Կենտրոն»-ն այդ ամենը հասու կդարձնի լայն հասարակությանը` ավելի վստահելի եւ թափանցիկ կդարձնի ընտրությունների լուսաբանումը»,-ասում է Լարիսա Մինասյանը:

Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Կարել Հոֆստրանն էլ նշեց, որ ԶԼՄ ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակությունը կարող են համախմբվել ի նպաստ հասարակական շահի: «Մեր ծրագրի գործոններից է քաղաքացիական հասարակությանը ռեսուրսներ տրամադրելը»,-ասում է Կ. Հոֆստրանը:

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը տեղեկացրեց, որ լրագրողները կենտրոնից կարող են ընտրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալ եւ օգտվել կենտրոնի հնարավորություններից` հարցազրույցներ անել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչների եւ նախագահների հետ, անհատական հարցազրույցներ վերցնել դիտորդներից:

Փետրվարի 18-ին` քվեարկության օրը, «Մեդիա կենտրոն»-ն աշխատելու է 24 ժամ. կլինեն ասուլիսներ, Skype-ով միացումներ ընտրատեղամասերից եւ հարցազրույցներ ինչպես վերլուծաբանների, դիտորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների հետ: