Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՀԵՏՈ՞ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Քաղաքականություն

«Ասել էի, չէ՞, մինչեւ 100 օրս չլրանա, տեղ չեմ գնալու: Հիմա լրացել է՝ գնում եմ», - Ֆրանկֆուրտից Ստրասբուրգ մեկնող ավտոբուսում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա վերադառնում էր Վարշավայից, որտեղ հինգ օր իր օգնականի հետ ծանոթացել էր լեհական մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքին եւ փորձին: Այն, ըստ ՀՀ օմբուդսմենի, աշխարհում ամենահաջողվածներից է:

Լարիսա Ալավերդյանը Վարշավայում եզրակացրել է, որ այստեղ անշեղորեն հետեւում են երկրի առաջին օմբուդսմեն Եվա Լենտովսկայայի սկզբունքներին: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն անվերջ է»,- նշեց նա՝ մեջբերելով Եվա Լետրովսկայայի խոսքերը, թե այդ նույն է, ինչ թեյի գդալով սարի չափ ավազը հարթեցնելը:

Լարիսա Ալավերդյանն ու նրա ուղեկիցը Լեհաստանից գալիս էին ոչ միայն տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների տպավորություններով, այլեւ, իրենց բառերով, գրքեր ու նյութեր են տանելու Հայաստան:

Ստրասբուրգում այսօր առավոտից նրանք հանդիպելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տարբեր բաժանմունքերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայաստանցի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ:

«Մեզ օժանդակություն է պետք», - ասաց Լարիսա Ալավերդյանը ավելացնելով, որ ոչ թե ֆինանսական, այլ տեխնիկական, այսինքն՝ փորձագիտական աջակցություն եւ գրականություն:

Նրա կարծիքով, Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի հիմքերն ամրապնդելու համար պետք է հասարակության իրավագիտակցության բարձրացում, համագործակցություն տարբեր ուժերի հետ, բողոքների հետ աշխատանքի տեխնոլոգիայի մշակում: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է նվազագույնը երկուսից երեք տարի: Այդ մասին Լարիսա Ալավերդյանն ասելու է Ստրասբուրգում:

Իսկ ի՞նչ կասի Հայաստանի օմբուդսմենը, եթե Եվրախորհրդում նրան հարցնեն, թե ինչու՞, հակառակ իրենց պահանջի, Հայաստանում դեռեւս կան քաղբանտարկյալներ, ինչպես օրինակ՝ Էդգար Առաքելյանն ու Լավրենտի Կիրակոսյանը: «Ես չեմ համարում, որ նրանք քաղբանտարկյալներ են», - եղավ պատասխանը:

Ըստ նրա, պետական մարմինների կողմից եղել են չարաշահումներ ու ցուցարարների արարքներին տրվել են ոչ համարժեք գնահատակններ. «Կամ ասում են՝ խուլիգան է, կամ քաղբանտարկյալ:Ասես արանքում այլ որակումներ չկան»:

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ այսօր «այդպես հեշտությամբ չպետք է օգտագորել քաղբանտարկյալներ արտահայտությունը, քանի որ ռեալ դեպքում խնդիրը կբարդանա»:

Ստրասբուրգ
Կարինե Ասատրյան
«Ա1+»