Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈՔՐԻԿ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈՒՄ, ՄԻԱՅՆ 3 ՏԱՐՈՒՑ

Քաղաքականություն

Հունիսի 14-ին Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության Ընդհանուր Հարցերի եւ Արտաքին Հարաբերությունների Խորհուրդը որոշել է Հարավային Կովկասի 3 երկրները ներառել Եվրոպական Միության Եվրոպական Հարեւանության Նախաձեռնության մեջ:

Այդ առիթով այսօր ԵՀ Երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը վարեց Վրաստանում եւ Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակության ժամանակավոր հավատարմատար Ժակ Վանտոմը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան, միաժամանակ ԵՄ Նախագահության ներկայացուցիչ Հանս- Վուլֆ Բարթելսը:

«Սա նշանակալից քայլ է տարածաշրջանում Միության ներգրավման ուղղությամբ: Յուրաքանչյուր պետությանը կընձեռնվի ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու միեւնույն հնարավորությունները»,- ասաց Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակության ժամանակավոր հավատարմատար Ժակ Վանտոմը:

Վերջնական ծրագիրը ուժի մեջ է մտնելու 3 տարի հետո,այնուհետեւ հնարավոր կլինի իրականացնել ֆինանսական ծրագիր, որը կմեկնարկի 2007թվականին: Թե ի՞նչ կտա Հայաստանին այս անդամակցումը պրն. Ժակ Վանտոմը դժվարացավ պատասխանել:

Ի դեպ, ղարաբաղյան խնդրի կարգավորումը որպես պայման չի կարող լինել համաձայնագրի ստորագրման համար, որովհետեւ խորհրդի եզրակացության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր պետություն պիտի ներկայացնի իր մասին զեկույց՝ հաշվի առնելով վերջիններիս քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների առաջընթացը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս- Վուլֆ Բարթելսը հստակեցնում է, որ ծրագիրը տնտեսական զարգացման ծրագիր չէ եւ ավելի շատ քաղաքական բնույթի նախաձեռնություն է: