Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍՊԱՌՈՂԻՆ ՊԵՏՔ Է ԿՐԹԵԼ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ»

Տնտեսություն

Այս կարծիքին են «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» իրավաբանական անձանց միության (ՀՍԱԱԻԱՄ) ադամները: Սպառողների շահերը պաշտպանող հինգ կազմակերպությունների խորհուրդ է ընդգրկվել այս միության մեջ, որի բացման շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր:

Նորաստեղծ միության նպատակը հայաստանյան շուկայի վստահելի դարձնելն ու տեղական արտադրողի այդ շուկայում կայուն տեղն ապահովելն է: ՀՍԱԱԻԱՄ հիմնադիր եւ նախագահ, «Աննա» սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մ. Հակոբյանը տեղեկացրեց, որ բնակիչների շրջանում կատարած հարցման արդյունքում իրենք պարզել են, որ «Սպառողի մասին» օրենքի ընդունումը շատ քիչ է՝ հետեւում կարող ուժ չկա:

Այս միության անդամները հավակնում են դառնալ այդ ուժը, որը կստիպի ԱԺ-ին ընդունել նաեւ «Առեւտրի մասին» եւ «Հիվանդի մասին» ՀՀ օրենքները: Նրանք գտնում են, որ հիվանդ-բժիշկ-առեւտուր օղակը կարգավորված չէ:

Նորաստեղծ կառույցը պետք է ունենա ամենատարբեր ստորաբաժանումներ, որոնք պետք է հսկեն առեւտրի ոլորտը եւ սպառողների շահերը:

Թե որքանով օգտակար կլինի այս միությունը, ցույց կտա ժամանակը, սակայն այն, որ նրանք առայժմ չունեն անկախ լաբորատորիա, շատ բան պարզ է դարձնում: Օրինակ նրանք չեն կարող տալ կոնկրետ անուններ, ասենք սուրճի որ տեսականին կարելի է օգտագործել, որը` ոչ, կամ տեղական որ ֆիրմաների արտադրանքն է էկոլոգիապես մաքուր որակվել, որը` ոչ:

Միության անդամները դժգոհություն հայտնեցին վերջին տարիներին ստեղծված լաբորատորիաներից, որոնք ըստ նրանց «աշխատեցնում են» ոչ կոմպետենտ մարդիկ: Օրինակ Հայաստան ներկրվող սուրճը զննելիս այդ լաբորատորիաների եզրակացությունները խիստ իրարամերժ են եղել:

«Խեղկատակություն» որակելով սուրճի շուրջ ստեղծված իրարանցումը, միության իրավաբանները հաստատեցին այն պահանջը, որ սպառողների շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է անկախ լաբորատորիա: