Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ

Տնտեսություն

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրեց «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Վեց հոգանոց խորհրդի կազմում են նախագահող՝ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, որը տեղակալն է վարչապետի, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, գյուղատնտեսոթյան, էներգետիկայի նախարարները եւ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի կառավարությունը Հայաստանն ընդգրկել է աշխարհի առավելապես աղքատ 16 պետությունների շարքում: Այդ երկրներին ԱՄՆ-ը տրամադրելու է մեկ մլրդ դոլար դրամաշնորհ: Այդ գումարից որքանը բաժին կհասնի Հայաստանին, կախված է ներկայացվելիք ծրագրերից, ինչին էլ վերաբերում էր այսօրվա նիստը: Խորհրդի հիմնական նպատակն է, ինչպես դոնորին ներկայացնել ծրագրային առաջարկություններ, այնպես էլ աջակցություն ստանալ հաստատված ծրագրերը իրագործելու եւ համակարգելու առաջնորդություն:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին մտահոգում է այն փաստը, որ մինչ օրս անգամ մեկ գրավոր առաջարկություն չի ներկայացվել կառավարարություն, թեեւ վերջինս մեկ ամիս է հայտարարություն է տվել: Ըստ Վարդան Խաչատրյանի ծրագրեր կարող են ներկայացնել պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀԿ-ները, անգամ անհատ քաղաքացիները: Հոգաբարձուների խորհուրհը կընտրի հատկապես այն առաջարկությունները, որոնք բխում են աղքատության կրճատման ծրագրի պահանջներից:

Ծրագրերի մեջ առաջնահերթությունը տրվելու է գյուղի, ջրի, ճանապարհների խնդիրներին եւ դպրոցներին:

Հուլիսի 15-ին հոգաբարձուների խորհուրդը կամփոփի ներկայացված առաջարկությունները եւ ըստ այդմ կհաստատվի գումարի այն չափը, որը ԱՄՆ-ը կտրամադրի Հայաստանին՝ պարտադրելով հինգ տարում ծախսել այն՝ բնականաբար ծրագրերը գերազանց կատարելու խոստմամբ: