Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո'Չ ԾԽԱԽՈՏԻՆ

Հասարակություն

«Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթ չկա, առողջության հիմնական թշնամիներից մեկը՝ ծխախոտը, ներթափանցել եւ ամրապնդվել է մեր հասարակության մեջ, թողնելով իր վտանգավոր հետեւանքները: Այս չարիքի դեմ պայքարելու համար պետք է ունենալ լավ մշակված օրենսդրություն», - այսօր «Քաղաքացիական հասարակության դերը հակածխախոտային ծրագրի մեջ» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարջյանը:

Նրա խոսքերով, Հայաստանը պարտադիր պետք է ստորագրի «Ծխախոտի դեմ պայքարելու» շրջանակային կոնվենցիան, որը ընդունվել էր 1999 թվականին Ժնեվում: Կոնվենցիան ստորագրել են 124 երկրներ, որոնց թվում հիմնականում զարգացած պետություններն են: Կոնվենցիայի ստորագրման վերջնական ժամկետը սույն թվականի հունիսի 29-ն է:

Պարոն Բազարջյանի համոզմամբ, այս փաստաթուղթը կարող է փրկել միլիոնավոր մարդկանց կյանքեր.«Կոնվենցիան կպարտադրի բոլորին պայքարել ծխելու դեմ, իսկ եթե մենք չստորագրենք այն, ապա վերջնագիր կներկայացնենք մեր առողջ կյանքին»:

Ասուլիսին ներկա էին Ուկրաինայից ժամանած Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի փորձագետները: Նրանցից մեկի՝ Տատյանա Անդրեեւայի հավաստմամբ, ծխախոտի դեմ պայքարելու հիմնական միջոցներից մեկն է ՝ բժշկական օգնության համակարգը, որը Հայաստանում զարգացած չէ.«Այս խնդրին պետական նշանակություն պետք է տրվի»:

Մեր հարցին, թե ըստ իրենց հետազոտությունների Հայաստանում ինչպ՞ես է զարգանում ծխողների դինամիկան, տիկին Անդրեեւան պատասխանեց, որ Հայաստանում ավելի շատ են ծխում կանայք, մասնավորապես, երիտասարդ աղջիկները եւ տղամարդկանց մահացության դինամիկան աճել է մինչեւ 25%, իսկ կանանցը՝ մինչեւ 4% եւ այս թվերը գնալով աճում են: