Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՓՐԱԾ ԳԼՈՒԽՆԵՐԸ ՄԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՉԵՆ

Հասարակություն

Այսօր Կենտրոն, Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննեց ապրիլի 5-ին Նաիրի կինոթատրոնի մոտ «Ազգային միաբանության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը:

Այն առավելապես հայտնի է սափրած գլուխների գործ անունով: Մեղադրյալները հրաժարվեցին ցուցմունք տալուց, ապա հրապարակվեց նրանց նախաքննական ցուցմունքը` գրագետ հայերենով, բարդ համադասական նախադասություններով ձեւակերպված տեքստ:

Պարզվում է, պատվերով լրագրողներ ծեծած ու տեսախցիկներ կոտրած երիտասարդները բոլորովին հանկարծակի են հայտնվել այդ օրը, այդ ժամին, այդ վայրում:

Մեղադրվող Հրայր Հարությունյանը /Արտաշատցի Հրոն/ Արտաշատից եկել էր Նաիրի կինոթատրոնի մոտ, որպեսզի խմորեղեն գներ, բայց... կոտրեց «Կենտրոնի» ու «Հայլուրի» տեսախցիկը:

Իսկ մյուս սափրած գլխով երիտասարդը` Աշոտ Ավետիսյանը /բանգլադեշցի Համոն/, չնայած ամուսնացած էր, բայց եկել էր «Առագաստ» սրճարանի մոտ ժամադրության բոլորովին այլ աղջկա հետ... Տեղում որոշել էր հաշվեհարդար տեսնել «Առավոտի» լրագրող Աննա Իսրայելյանի հետ:

Իր գործողությունը Աշոտ Ավետիսյանը բացատրեց նրանով, որ ինքը աղջկա հետ է եղել ու հանկարծ տեսել է ֆոտոխցիկով ինչ-որ մեկին ու որոշել է, որ այդ կինը իրեն նկարեց, լուսանկարը կտպագրվի, ինքը տանը խնդիր կունենա: Ու այդպես որոշել է կոտրել լուսանկարչական ապարատը: Լավ հեքիաթ է, չէ՞:

Դատարանը հավատաց, եւ հաշվի առնելով երիտասարդների բերած բնութագրերը որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը եւ տուգանեց երկուսին էլ 100 հազարական դրամով:

Ինչ վերաբերվում է տուժողներին, ապա դատարանում ներկաներից թերեւս միակ տուժողը լրագրող Աննա Իսրայելյանն էր, որը ոչ այնքան նյութապես, որքան բարոյապես էր տուժել եւ դա ոչ մի կերպ չփոխհատուցվեց, դեռ ավելին: Նա լավ ծանոթ լինելով մեր արդարադատության համակարգին, այնուամենայնիվ, ակնկալում էր ավելի խիստ պատիժ:

«Հայլուրը» կարելի է ասել իրեն տուժող չէր համարում. նախ լրագրող Վահե Կոստանդյանի ցուցմունքներն էին ոչինչ չասող, նա ոչինչ չէր տեսել, ոչինչ չէր լսել, հանկարծ հայտնաբերել էր կոտրած տեսախցիկ, ապա նաեւ պարզվեց, որ «Հայլուրը» հրաժարվել է 290 հազար դրամ վնասի փոխհատուցումից:

Ներկա չէր նաեւ «Կենտրոնի» օպերատորը: Սափրած գլուխներով երիտասարդները որպես վնասի փոխհատուցում, «ՀԺ»-ին վճարել էին 200 հազար դրամ: Եվս 240 հազար դրամ վճարվել էր «Կենտրոնին»:

Դատավոր Ռուբեն Ներսիսիյանի վճռով, ՀՀ պետական բյուջեն հարստացավ 200 հազար դրամով: Իսկ տուժեց արդարադատությունը: Տուժեց խոսքի ազատություն: Հաղթեց ցինիզմն ու ամենաթողությունը: