Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՍԱՓՐԱԾ ԳԼՈՒԽՆԵՐԻ ՀԵՏ

Հասարակություն

Ավելի քան 50 սափրած գլուխ այսօր տեղ էր զբաղեցրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարաններից մեկի դահլիճում, որտեղ քննվում էր ապրիլի 5-ին լրագրողների վրա հարձակված սափրած գլուխների գործը:

Նրանցից եւս երկուսը կանգնել էին դահլիճի դռան երկու կողմում եւ անձամբ էին որոշում, թե տուժող լրագրողներից ում թույլ պետք է տան մտնել դատարանի դահլիճ: Միջանցքում սափրած գլուխների թիվը մոտ 20 էր: Նրանք միայն իրենց հայտնի բառերով վիրավորում էին «Նոյան տապան» գործակալության թղթակից Սոնա Մաշուրյանին, լայն ժպիտով խոստանում, որ կջարդեն նրա գլուխը:

Իսկ երբ տուժողի կարգավիճակով դատարան մուտք գործելու փորձ արեցին «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ նույն թերթի լրագրող Հայկ Գեւորգյանը, դրսում կանգնած սափրած գլուխները ներս թողնելու համար հետաքրքրվում էին, թե ով են, ինչացու են:

Երբ որոշեցին թույլ տալ, ներսում նրանց սկսեց քննել դռան մոտ կանգնած սափրածգլուխը: Այնուհետեւ նույն գլուխը դիմեց դատավոր Ռուբիկ Ներսիսյանին՝ թողնի՞ նստել, թե ոչ (նստելու բոլոր տեղերը զբաղեցրել էին սափրած գլուխները-Մ. Ա.):

Նիկոլ Փաշինյանը դատավորից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են այս «քննիչները»: Դատավորը լրագրողին կոչ արեց ձեռքը գրպանից հանել: Նույն պահին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անելիք չունի մի դատարանում, որի դատավարության ժամանակ սափրած գլուխներն են որոշում, թե ով պիտի ներկա գտնվի դատավարությանը: Տեղեկացնենք, որ լրագրողների մի մեծ հատվածի այդպես էլ չթույլատրվեց ներկա գտնվել իրենց իսկ առնչվող դատավարությանը: