Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Տնտեսություն

«Եվրամիությունը այն կարծիքի է, որ Հայաստանում կա քաղաքական մշակույթի պակաս, եւ մեր երկրի համար անհրաժեշտ է խորը եվրոպական ինտեգրացումը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա լրագրողներին ներկայացրեց սույն թվականի հունիսի 4-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական՝ 5-րդ նիստի արդյունքները:

Նրա հավաստմամբ, Եվրոպական կողմը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները: Կողմերը ընդգծել են, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն ու խոշորագույն ներդրողն է: Նրանք բարձր են գնագատել Հայաստանում կատարվող բոլոր ներդրումային ծրագրերը:

Պարոն Ճշմարիտյանի խոսքերով, նիստի ժամանակ քննարկվել է «Փողերի լվացման դեմ» միջազգային ծրագիրը. Եվրամիության կարծիքով, Հայաստանն այս հարցում խոշոր խնդիրներ չունի: Նա տեղեկացրեց նաեւ, որ քննարկվել է Մեծամորի ատոմակայանի փակման հարցը: Ըստ նրա, այս խնդիրը լուծելու համար ԵՄ-ն պատրաստ է կատարել առաջին ներդրումները, սակայն Հայաստանը դեռ չունի լուրջ մշակված ֆինանսական ծրագրեր, այդ իսկ պատճառով էլ անորոշ են մնացել հարցի լուծման ժամկետները:

Պարոն Ճշմարիտյանը տեղեկացրեց նաեւ, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը. «Բոլորը միասնական նշեցին, որ հարցը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի»: