Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-Ը ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՇԱՀԵԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Հասարակություն

«Քարը տեղից շարժվեց, եւ ջուրը հոսեց: Տեսնենք` ինչ է սպասվում մեզ Հայաստանում խոսքի ազատության ոլորտում»,- Ժուռնալիստի տանը հայտնեց «Մելտեքս» ՍՊԸ` «Ա1+» հը տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Նա եւ «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել տեղեկացնելու, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Ա1+»-ի հայցով պալատ ձեւավորելու եւ քննություն անցկացնելու վերաբերյալ:

37-րդ հեռուստակապուղուց ապօրինաբար զրկվելու, իրավունքների ոտնահարման հայցով «Ա1+»-ը Եվրադատարան է դիմել 2002 հոկտեմբերին, գանգատի վերջնական փաթեթը ուղարկվել է 2003թ հունվարին: «Մենք շահեկան վիճակում ենք»,- հայտարարեց Տիգրան Տեր-Եսայանը, քանի որ Եվրոդատարանը արդեն ծանուցել է ՀՀ կառավարությանը` պատասխանել 4 հիմնական հարցերի եւ բացատրել, թե ինչու «Ա1+»-ի հայցը չպետք է ընդգրկվի վարույթում:

Կկարողանա՞ արդյոք ՀՀ կառավարությունը ապացուցել, որ «Ա1+»-ի իրավունքները չեն ոտնահարվել, դժվար է ասել: Եթե, ըստ Տիգրան Տեր -Եսայանի, «Ա1+»-ի` մոտ 1000 էջանոց գանգատը պատրաստվել է մեկ տարուց ավելի ժամանակում եւ անընդհատ էլ թարմացվում է, ապա ՀՀ կառավարությունը իր մերժման պահանջը պետք է ներկայացնի մինչեւ 2004թ սեպտեմբերի 20-ը:

Դրանից հետո Եվրոդատարանում կկայանան բաց լսումներ, որոնց կմասնակցի նաեւ «Ա1+»-ի ներկայացուցիչը: Եթե ՀՀ կառավարությունը մինչ այդ չպատասխանի այս նամակին, մինեւնույն է դատական գործընթացը կշարունակվի իր հունով:

Հնարավո՞ր է, որ դատարանը կողմերին առաջարկի հաշտություն կնքել: Ըստ Տիգրան Տեր-Եսայանի, Եվրոդատարանը ամենայն հավանականությամբ նման առաջարկ կանի, սակայն եթե կնքվի նման պայմանագիր, ապա դրա մանրամասները կլինեն խիստ գաղտնի:

Իսկ ի՞նչ է սպասվում «Ա1+»-ին` Եվրոդատարանում հաղթելու դեպքում: «Հաճախականություն չեն տալու»,- ասաց պարոն Տեր-Եսայանը` բացատրելով, որ նման պահանջ հայցում չկա: Հատուցումը կլինի բարոյական եւ նյութական: