Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆՏՎ», ԹԵ՞ «ԿՈՒԼՏՈՒՐԱ»

Հասարակություն

Մի քանի ամիս հիմնովին անջատված լինելուց հետո այսօր անսպասելի միացվել է 23-րդ դեցիմետրային հեռուստահաճախականությունն հաղորդակը: Թեեւ հեռուստահաճախականությամբ առայժմ ոչ մի հաղորդում չի հեռարձակվում, սակայն, միացված է թեստային ազդանշանը (ԳՑՊ):

Մի քանի օր առաջ մեզ հետ ունեցած զրույցում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նշել էր, որ հանձնաժողովը որեւէ որոշում չի կայացնելու, թե վերջին ազատ կապուղով ինչ հեռուստահաղորդումներ են հեռարձակվելու. որոշ մտավորականների երազած «Կուլտուրան», թե՞ նախկինում նույն հեռուստահաճախականությամբ վերահեռարձակվող «ՆՏՎ»-ն:

Ի դեպ, որոշ լուրերի համաձայն ՀՀ Կառավարությունը ՀՌԱՀ-ին հանձնարարական է տվել առայժմ չանցկացնել վերջին հեռուստահաճախականության մրցույթը, մինչեւ չավարտվեն «Կուլտուրա» հեռուստաալիքին վերաբերող բանակցությունները:

Ապա այդ դեպքում ինչո՞ւ է այսօր միացվել ազդանշանը: Այդ հարցը փորձեցինք ճշտել վերահեռարձակող «Պարադիզ» ընկերությունից: «Պարադիզ»-ի աշխատակցուհու հետ հեռախոսազրույցը բավական «բովանդակալից» էր.

- Այսօր եթերում ազդանշան է հայտնվել: Ընկերությունն արդեն որոշե՞լ է, թե ինչ եք վերահեռարձակելու:

- Չգիտեմ:

- Բայց ինչ-որ հաղորդում վերահեռարձակելո՞ւ եք:

- Չգիտեմ:

- Այդ դեպքում ինչո՞ւ եք ազդանշան միացրել:

- Չգիտեմ:

- Կարո՞ղ եմ խոսել ընկերության տնօրենի հետ:

- Նա տեղում չէ:

- Իսկ փոխտնօրենը՞:

- Նա իրավասու չէ պատասխանել այդ հարցերին:

- Իսկ Դուք իրավասո՞ւ եք բոլոր հարցերին պատասխանել:

- Զանգեք ՀՌԱՀ:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ «ՆՏՎ»-ի Հայաստանում վերահեռարձակման ճակատագիրը մնում է վտանգված եւ ամենամտահոգիչն այն է, որ նշված խնդիրն ամեն դեպքում «Պարադիզ» ընկերությունը չի լուծում: Համենայն դեպս այդպես է երեւում վերոնշյալ երկխոսությունից: