Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՅՈՒՋԵՈՒՄ ԼՈԽ ԼԱՎ Է

Քաղաքականություն

Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովներում ոլորտ առ ոլորտ քննարկելով 2003 թվականի պետբյուջեի կատարողականը, պատգամավորներն արդեն առօրյա նիստերի օրակարգի շրջանակներում անցան նույն հարցի ներկայացմանը, քննարկմանն ու ընդունմանը:

2003 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ԱԺ-ում ներկայացնելու են տարբեր պաշտոնյաներ` ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ:

Ի դեպ, այս անգամ պաշտոնյաները մեծ գոհունակությամբ են ներկայացնում բյուջեի կատարողականի հաշվետվությունը, քանի որ պարոն Ջանջուղազյանի ներկայացմամբ հաշվետու տարին նախադեպը չի ունեցել հետխորհրդային ամբողջ շրջանում: Դա ասելով պաշտոնյան նկատի ունի հանրահայտ տնտեսական աճը, որը 2003 թվականի ընթացքում կազմել է շուրջ 14 տոկոս: Այդ պատճառով էլ բյուջեի կատարողականի բոլոր ճյուղերը չափազանց պրոբլեմային չեն եղել:

Ներկայացման համաձայն հաշվետու ժամանակաշրջանում 5,6 տոկոսով աճել են նաեւ ներդրումները: Ի դեպ, վարչապետ Անդանիկ Մարգարյանը դիմել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, որպեսզի պետբյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ զեկույցի հնարավորություն տրվի նաեւ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հովիկ Աբրահամյանին, Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանին եւ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին:

Ի դեպ, գարնանային նստաշրջանի վերջին եռօրյայի ժամանակ որոշ օրինագծերի ընդունման համար ԱԺ-ում ընդունվել է 24 ժամյա ռեժիմ: Դա նշանակում է, որ որոշ օրենքներ կընդունվեն արագացված կարգով` մինչեւ նստաշրջանի ավարտը: