Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԼՈՒՄԱՆ

Քաղաքականություն

Թեեւ ներկա դրությամբ իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր են ներկայացնում բացառապես պաշտոնյաներն, այնմուամենայնիվ, 2006 թվականից հայտարարագիր ներկայացնողների թիվն ավելանալու է:

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը նորից բերվել է ԱԺ: Օրինագիծը խորհրդարանի քննարկման է դրվում արդեն երրորդ անգամ:

Նախորդ քննարկման ժամանակ, երբ օրինագիծը երրորդ` վերջին անգամ պետք է քվեարկվեր եւ ընդունվելու դեպքում օրենքի ուժ ստանար, չհավաքեց պատգամավորների անհրաժեշտ ձայները: Այն ժամանակ պատգամավորների մոտ առաջացան բազմաթիվ մտահոգություններ, որոնց դրդապատճառներն օրենքում պետք է շտկվեին:

Պետեկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր հերթական անգամ ներկայացրեց նույն օրենքը: Վերջերս ձեռք բերված սովորույթի համաձայն, ոչ մի պատգամավորի մոտ որեւէ հարց չառաջացավ օրինագծի վերաբերյալ, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարեց. «Օրինագիծն իրոք բարեփոխումների է ենթարկվել»:

Օրինագծի համաձայն շարքային քաղաքացիները 2005 թվականի ընթացքում իրենց եկամուտների համար հայտարարգիր պետք է ներկայացնեն 2006 թվականին:

Ի դեպ, հայտարարագրման նվազագույն շեմը տարեկան 3 միլիոն դրամի չափով եկամուտն ու գույքն է: Նշվածից պակաս գումարը հայտարարգրման ենթակա չէ:

Թե ինչո՞ւ որոշվեց, որ շարքային քաղաքացիները նույնպես պետք է հայտարարագիր ներկայացնեն պետությանը, պարզաբանեց պատգամավոր Գագիկ Մինասյանը. «Մեր հասարակությունում կան բազմաթիվ մարդիկ, որոնք պաշտոնյա չեն, բայց ունեն բավականաչափ գումար եւ հասարակությունը պետք է դա իմանա: Այդ մարդիկ փորձում են սոցիալական օգնություններ ստանալ, իսկ հայտարարագրումը կկանխի այդ խնդիրը»: