Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ «ԱՄԱՉԱՑՆԵԼՈՒ» ՕՐԻՆԱԳԻԾ

Քաղաքականություն

Ուղիղ 2 տարվա մարաթոնից հետո ԱԺ-ում նորից լսվում է եւ ամենայն հավանականությամբ կհաստատվի «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագիծը: Նախորդ նիստերի ժամանակ օրինագիծը քննարկումներից հետո ուղարկվեց լրամշակման: Այսօր արդեն նշվում է, որ փաստաթուղթը բարելավված է:

Եթե նշված օրինագիծն ընդունվի ու օրենքի ուժ ստանա, ապա այդ ժամանակ կվերանա ԲՈՒՀ-րի «պետական» կամ «մասնավոր» հասկացությունները՝ բոլոր ԲՈՒՀ-րը եւ դրանց դիպլոմները հավասարազոր են լինելու:

Այդ փոփոխությունն ընկալվում է իբրեւ մասնավոր ԲՈՒՀ-րում սովորղ շուրջ 22 000 ուսանողի իրավունքների պաշտպանության խնդրի լուծում:

Օրինագծով նախատեսված նորամուծություններից եւս մեկն այն է, որ կրթության աստիճանները համապատասխանեցված են միջազգային չափանիշներին՝ բակալավր, մագիստրոս եւ այլն, ուստի այդ դիպլոմներն ընդունելի կլինեն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

Ի դեպ, քննարկվող օրինագծի համաձայն մագիստրատուրայի համար սահմանվում է 1 տարի ժամանակ, ներկայիս 2 տարվա փոխարեն:

Օրինագծի կարեւորագույն կետը, ըստ պաըգամավորների, այն է, որ իրականացվելու է երաշխավորված ուսուցում: Գիտելիքներ ունեցող, օժտված, բայց սոցիալապես անապահով երեխաները, եթե նույնիսկ ընդունվում են վճարովի բաժիններ, ապա նրանց վարձի խնդիրները հոգում է պետությունը:

Դա սակայն անվերապահորեն չի, քանի որ նույն օրինագծի համաձայն պետք է գործի մրցակցային կրթության սկզբունքը: Այդ սկզբունքը ենթադրում է, որ ուսանողները կարող են սովորել անվճար, եթե արձանագրվի տարվա ուսման առաջադիմություն:

Ի դեպ, պետության կողմից ուսման վճարների մուծումը չի կոչվելու պետպատվեր, քանի որ այդ հասկացությունը վերանալու է: Այդ գործողությունը կոչվելու է ուսման նպաստ:

«Ես կարծում եմ, որ այդ դեպքում պաշտոնյաները եւ մեծահարուստներն արդեն կամաչեն, որ իրենց երեխաները նպաստ ստանան: Միջոցներ ունեցողները կվճարեն իրենց երեխաների համար եւ այդ նպաստները կստանան իրոք սոցիալապես անապահովները»,- նշում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ի դեպ, ԱԺ այսօրվա աշխատանքի ժամանակ նիստերի դահլիճում գտնվում էր ամենաշատը 15 պատգամավոր: Նիստում քննարկվող բոլոր հարցերն՝ առանց բացառության, ներկայացվում էին առանց որեւէ քննարկման, քանի որ որեւէ օրինագծի վերաբերյալ ԱԺ պատգամավորների մոտ որեւէ հարց չէր առաջանում: