Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՐՔԸ ԼԱՎԸ ԼԻՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՑԻ ԳԻՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ: ԻՍԿ ՎԱՌԵԼԻՔԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Տնտեսություն

«2003 թվականի ընթացքում արձանագրվել էր տնտեսական աճ եւ ՀՀ Պետական բյուջեյում նկատվել էր եկամուտների գերազանցում»,- այսօր հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը 2003 թվականի հաշվետվությունը լրագրողներին ներկայացնելու ժամանակ:

Նշված հանգամանքների արդյունքում, ըստ պարոն Սարգսյանի, անցած տարվա վերջում բնականոն սղաճը կազմել էր նախատեսված 8,6%-ի փոխարեն 3%. «3%-ից էլ քիչ կարող էր լինել, սակայն հացի գների բարձրացման պատճառով այդքան կազմեց»:

Պարոն Սարգսյանի հավաստմամբ, անցած տարվա ընթացքում գրանցվել է համախառն ներքին արդյունքի աննախադեպ բարձր տեմպ՝ 13,9% եւ այս արդյունքը ապահովել են 3,1%-ով արդյունաբերությունը, 1%-ով՝ գյուղատնտեսությունը, 5,7%-ով շինարարությունը:

Պարոն Սարգսյանի խոսքերով, 2003 թվականի ընթացքում բավականին արդյունավետ են աշխատել բանկերը՝ ընդամենը 3 բանկեր են 408 միլիոն դրամի չափով վնասով աշխատել: Այսօր Հայաստանի բանկային համակարգի ամենակարեւոր խնդիրը՝ բանկային ռեֆորմներն են, սակայն այս խնդիրը լուծելու համար պետք է ձերբազատվել վտանգավոր եւ կրիմինալ բանկերից եւ ակտիվ պայքարել ստվերային տնտեսության դեմ, ասում է ԿԲ նախագահը:

Պատասխանելով մեր հարցին, թե այս տարվա ընթացքում արդ՞յոք սպասվում է սննդի ապրանքների գների հետագա աճ, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հավաստեց, որ կտրուկ աճ չի սպասվում. «Հացի գները մինչեւ աշուն հաստատ չեն բարձրանա, իսկ աշնանը այս հարցը կորոշվի Ռուսասատանում եւ Ուկրաինայում բերքի արդյունքներից: Իսկ ինչ վերաբերվում է վառելիքի գներին, ապա արտաքին գործոնների ազդեցության պատճառով գները կբարձրանան»: