Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵՆՔ 10 ՕՐ

Հասարակություն

ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ Միավորված ազգերի զարգացման ծրագիրը բնապահպանական տասնօրյակ են հայտարարել՝ նվիրված Շրջակա միջավայրի պահպանության օրվան: Այն ամեն տարի նշվում է հունիսի 5-ին: Տասնօրյակը կավարտվի հունիսի 17-ին՝ Անապատացման դեմ պայքարի օրը:

Կազմակերպիչները հույս ունեն այս ակցիայով խթանել բնապահպանական գործունեությանը համայնքներում, բարձրացնել մարդկանց բնապահպանական մտածողությունը եւ շրջակա միջավայրի նկատմամբ հանրային իրազեկության մակարդակը:

Միջոցառման առաջին օրը սկսվեց էկոլոգիական աղետ կոչվող հիմնախնդրից՝ թափոններից: Հայաստանում մոտ 80 աղբավայր կա: Նուբարաշենի աղբանոցում լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նկատեց, որ թափոնների ոլորտը չվերահսկվող ոլորտ է, քանի որ այն շահագործողները պատահական եւ ոչ իրավասու մարմիններ են, որոնցից «նախարարությունը չի կարող հաշվետվություն պահանջել»:

Նշենք, որ Կառավարությունը այդ ոլորտի պատասխանատվությունը դրել է ՏԻՄ-երի վրա:

Երեւանի աղբահանության հարցը իրենց ուսերին են վերցրել երկու ՍՊԸ, որոնք սակայն թերի են կատարում իրենց պարտականությունը, հատկապես ֆինանսավորման մասով: Արդյունքում աղբանոցները զրկվում են օրվա վառելիքից եւ չեն կարողանում կատարել պահանջվող ամենօրյա աշխատանքը՝ հողաշերտի տակ անցկացնել գարշահոտող աղբը:

Ըստ նախարարի, մոտավոր հաշվարկներով, տարեկան Հայաստանում ձեւավորվում է մոտ 350 հազար տոննա աղբ: Մասսայի 0.4 տոկոսը համարվում է վտանգավոր, 97 տոկոսը առաջինից, հինգերորդ վտանգավորության դասի, եւ միայն չորս տոկոսն է կազմում կենցաղային աղբը:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ճապոնական մի կազմակերպություն առաջարկել էր մեր կառավարությանը վերամշակել կենցաղային աղբը՝ կենսագազ եւ ըստ այդմ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:

Մեր հարցին թե ինչ փուլում է այդ խնդիրը, նախարարը խորհուրդ տվեց դիմել Երեւանի քաղաքապետարանին, ասելով որ թափոնների ոլորտը նրա սեփականությունն է: