Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԵՆ ԲԱԿԵՐԸ

Հասարակություն

Հնարավոր է շուտով մայրաքաղաքի բակային տարածքներն աճուրդի հանվեն: Այդ մասին այսօր տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Սամվել Դանիելյանը:

Ըստ նրա, այդ արվելու է բակային տարածքները բարեկարգելու նպատակով: Պարոն Դանիելյանը ենթադրում է, որ աճուրդով կամ մրցութային կարգով վաճառված բակերում կկառուցվեն ստորգետնյա ավտոտնակներ, բակերը կվերածվեն հանգստի գոտիների:

Սա դեռ ծրագիր է. քաղաքապետարանը այս հարցում ակնկալում է ստանալ գործարարների եւ բնակիչների առաջարկությունները:

Քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունից հետո հրավիրված բրիֆինգում Սամվել Դանիելյանը հայտարարեց, որ քաղաքաշինական գործընթացները իրենք դարձնելու են կառավարելի եւ ծրագրավորված. «Այն ինչ տեղի է ունենում Երեւանում, պետք է լինի քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ»:

Ըստ նրա, մինչ օրս «մի բան է նախագծվել, .մի բան կառուցվել»: Այսուհետ նախագծերը հաստատվելու են միայն հեղինակային հսկողության պայմանագրի առակայության դեպքում:

Պարոն Դանիելյանն հայտնեց, որ քաղաքապետարանի կողմից աճուրդի հանվող հողակտորներից յուրաքանչյուրն ունի իր ճարտարապետական նախագիծը, եւ ցանկացած ոք կարող է ծանոթանալ դրա չափորոշիչներին:

Ըստ Դանիելյանի, քաղաքապետարանում մշակվել է ժամանակացույց 9 տարածքների գոտիավորման եւ կառուցապատման վերաբերյալ, ինչպես օրինակ՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի, 30-րդ թաղամասի ( Ֆիրդուսի փողոցի շուկային մոտ) եւ այլն: Նախատեսվում է նաեւ որոշ փողոցների երկարացում, օրինակ՝ Զաքյան փողոցի: