Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՕՄ-Ն ԱՐԵԼ Է ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Այս տարի ՀՕՄ ծրագրով հանրապետության բուհերի եւս 80 գերազանցիկ ուսանող պարգեւատրվեց «Լավագույն ուսանող» մրցանակով: 11 տարի շնորհվող այս մրցանակին (100-150 դոլար) արդեն արժանացել են հարյուրավոր ոչ բարեկեցիկ պայմաններում գտնվող ուսանողներ:

ՀՕՄ-ի հայաստանյան վարչության ատենապետուհին այս փաստն այսօր Գրողների միությունում կայացած մրցանակաբաշխության ժամանակ անվանեց «հետաքրքրիր սերունդ մեծացնելու կարեւոր պահ»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը այս մրցանակի առկայությունը կարեւորեց այն բանով, որ «մեր երկրում ճիշտ սոցիալական ճկունություն չունենք»:

Ըստ նրա, ՀՕՄ-ը ճիշտ ձեւը գտել է երիտասարդներին օգնելու «եւ սա պիտի կարողանանք պետականորեն օգտագործել»:

«ՀՕՄ-ը ստեղծվել է ավելի շուտ (1911 թվականին), քան առաջին հանրապետության սոցիալական նախարարությունը... Մեկ բան միշտ ՀՕՄ-ի ծրագրերում կա` հայրենասիրություն», - ասաց պարոն Հովհաննիսյանը:

ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մրցանակաբաշխությունն անվանեց «շենշող միջոցառում»:

Նա դժգոհեց, որ ՀՕՄ-ը չի քարոզում իր բարեգործությունները: Լավագույն ուսանողներին ոգեւորելու ՀՕՄ-ի այս նախաձեռնությունը, ըստ տիկին Հակոբյանի, արվում է «բյուր ու բյուրավոր նահատակների արյան վրեժը լուծելու համար»: