Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՎ ՍԻՆՈԴ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆ. ԱՍԵԼ Է ԹԵ` ՄԻ ՆԵՐՍԵՍ»

Մշակույթ

Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է` «Պաշտպան հայրենյաց»: 1826-28թթ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ նա իր շրջաբերականներով ոգեւորում էր հայերին, կազմակերպում նրանց պայքարը:

Այսօր Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Ներսես Ե Աշտարակեցու գահակալության 160. Արեւելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրելու 175, Ներսիսյան դպրոցի հիմնադրման 180 եւ Աշտարակ քաղաքի դպրոցը նրա անունով կոչելու 135-ամյա տարելիցներին: Այն կազմակերպվել էր Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հովանավորությամբ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ եպիսկապոս Կճոյանի խոսքերով, Ներսես Աշտարակեցին իր գահակալության առաջին իսկ օրերից `1843-1857թթ, «նախանձահույզ ու ժրաջան կերպով նվիրվել է ազգային կնճռոտ խնդիրների լուծմանը եւ Մայր Աթոռի բարեկարգմանը»:

Այսօր Օշականում ներկայացվեցին դրվագներ Ներսես Աշտարակցու հոգեւոր, շինարարական, լուսավորչական , ազգային գործունեությունից:

ՀՀ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի բառերով, առաջին հայացքից է միայն թվում, թե ամեն ինչ Ներսես Աշտարակեցու վերաբերյալ հայտնի է, բայց . «Ահռելի ֆոնդեր կան, որոնք զարմանք են հարուցում իրենց նորությամբ»:

Ի դեպ, այսօր գիտաժողովի մասնակիցները ոչ միայն հարգանքի տուրք մատուցեցին Ներսես Աշտարակեցու հիշատակին, այլեւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անժամանակ կյանքից հեռացած Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հիշատակը: Նրա ակտիվ մասնակցությամբ էին կազմակերպվում Օշականի դպրատանը տեղի ունեցող գիտաժողովները: