Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՐԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՎ, ԴԵՌ ԱՎԵԼ

Հասարակություն

Այսօր ավարտվեց ՀԺԿ անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի եւ Ալբերտ Բազեյանի վարորդ Կարեն Մարգարյանի դեմ հարուցված գործի լսումը, որոնք մեղադրվում են մարտի 28-ի Գյումրիի հանրահավաքում հասարակական կարգը խախտելու համար:

Նրանց մեղադրանք է հարուցվել ՔՕ 258.3 հոդվածի 1.2.3 կետերով, այսինքն նրանք մեղադրվում են խուլիգանության մեջ: Ամբաստանյալ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց` ամփոփոխ թողնելով իր նախաքննական ցուցմունքները:

Համաձայն դրանց Գյումրիի հանրահավաքի ժամանակ առաջացած քաշքշուկի ժամանակ ինքը պարզապես դիմել է ինքնապաշտպանության եւ հարվածել է մեկ-երկու հոգու, այդ թվում տուժող ոստիկաններին: Ըստ ամբաստանյալի, ինքը չի իմացել, որ վերջիններս ոստիկաններ են, քանի որ նրանք համազգեստով չեն եղել:

Ամբաստանյալ Կարեն Մարգարյանը դատարանում հայտնեց, որ նկատելով քաշքշուկը շտապել է օգնության` ոչ հերքելով, ոչ հաստատելով որեւէ մեկին հարվածելու հանգամանքը: Նա տեղեկացրեց, որ ոստիկանները այդ օրը իրեն բերման ենթարկելուց մարմնական վնասվածքներ են պատճառել, օրինակ` մեջքի հատվածում:

Ամբաստանյալ Կարեն Մարգարյանի պաշտպանը` Սոս Գրիգորյանը, այս ամենը որակեց քաղաքական հաշվեհարդար: Գյումրիի դատարանը վճռեց Կարեն Մարգարյանին դատապարտել ազատազրկման մեկ տարի, իսկ Տիգրան Տեր Մարգարյանին` մեկ տարի երեք ամիս ժամանակով: