Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԹԱՄԱՆՅԱՆ ՉԻ»

Հասարակություն

ՀՀ կառավարության կայացրած 2001թ հոկտեմբերի 5-ի թիվ 950 եւ հետագա մի քանի այլ որոշումների համաձայն սկսվել է Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող շինությունների քանդումը, այդ շինություններում բնակվող քաղաքացիների անշարժ գույքի եւ հողամասերի դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը:

Այսօր Ժուռնալիստների տանը հավաքվել էին Հյուսիսային պողոտայի բնակիչներն իրենց բողոքն արտահայտելու համար: Ինչպես նշվում է նրանց հայտարարության մեջ, նույն բնակելի մակերեսի դեպքում մի քաղաքացի ստանում է ասենք 10 հազար դոլարին համարժեք, իսկ մյուսը 80.000-ին համարժեք գումար:

Ըստ բնակիչների, «Արթին» ՍՊԸ-ի կողմից,տների մեծ մասի գնահատումը կատարվել է առանց տեսնելու, առանց բնակիչների ներկայության. «Փոխհատուցումների մեծ մասն առ այսօր չի հատկացվել բնակիչներին, որոնք զրկվել են նոր օթեւան ձեռք բերելու հնարավորությունից: Նաեւ հատկացված գումարների տաս տոկոսը հարկվում է քաղաքացիներից, ինչը նույնպես օրենքի խախտում է»:

Լրագրողներն այսօր տեղեկացան, որ ստեղծվել է «Հյուսիսային պողոտա» անունով նոր հասարակական կազմակերպություն, որը պաշտպանելու է քաղաքացիների իրավունքները:

«Որոշել ենք պայքարել իրավական, քաղաքական ճանապարհով, միտինգների ձեւով ենք պայքարելու, դիմելու ենք Եվրոդատարան»,- ասաց «Հյուսիսային պողոտա» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը տեղեկացրեց, որ իրենք աջակցելու են կազմակերպությանը ցանկացած հարցում: Բնակիչներն ասացին, որ Նարեկ Սարգսյանն ընդհանրապես հաշվի չի առնում բնակիչների կարծիքը եւ անում է այն, ինչ ուզում է: Իսկ Ավետիք Իշխանյանը ավելացրեց, որ Նարեկ Սարգսայնը Ալեքսանդր Թամանյան չի: