Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՐՈՒՄ»

Հասարակություն

Այսօր ՀՀ Գլխավոր Դատախազության մոտ հասարակական կազմակերպությունների հերթական ակցիային ներկա «Նոր Հայաստան» կազմակերպության անդամները թռուցիկներ էին բաժանում ի պաշտպանություն՝ ապրիլի 8-ին Նոր Նորքի տոնավաճառում թռուցիկ տարածելու համար ձերբակալված Արտակ Գաբրիելյանի:

Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ 301 եւ 163 հոդվածներով: Համաձայն մեղադրող կողմի Արտակ Գաբրիելյանը հակասահմանադրական կոչեր է արել, զազրախոսել է ոստիկաններին: Եւ դա այն ժամանակ, երբ Արտակ Գաբրիելյանը մասնագիտությամբ իրավաբան է եւ դասավանդել է ոստիկանության վերապատրաստման դպրոցում, եւ քաջ տեղյակ է, թե ինչն է քրեական օրենսգրքի կողմից հետապնդվում:

Արտակ Գաբրիելայնի դատը տեղի կունենա այսօր, ժամը 14:00-ին:

Բողոքի ակցիային մասնակցում էր «Սահմանադրական իրավունք միության» նախագահ Հրանտ Խաչատրյանը: Նրա խոսքերով, իր ներկայությունը այս ակցիային բնական է, քանի որ վերջին ժամանակներում ոստիկանական անօրինությունները հասել են վտանգավոր գագաթնակետի եւ ինքը իր պարտքն է համարում նման ձեւով պայքարել բոլոր բռնությունների դեմ. «Այսօր մեր երկրում ավելի շատ են քաղաքական հետապնդվողները, քան քաղաքական բանտարկյալները: Երբ վերջին անգամ ալցելեցի մի քանի մարզեր համոզվեցի այդ ամենին»:

Պարոն Խաչատրյանի կարծիքով, այսօր մեր իշխանությունները վարում են ջայլամի քաղաքականություն.«Այսինքն ամեն ինչ անում են, որ ցանկացած առողջ գործընթաց պարտադիր հետաձգվի»: