Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՇՎԻ ՉԱՌԱՎ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԸ

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խումբը տարածել է այս հայտարարությունը ի պաշտպանություն քաղբանտարկյալ Էդգար Առաքելյանի:

«Մայիսի 26-ին ավարտվեց Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Երեւանի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքի մասնակից Էդգար Առաքելյանի դատավարությունը: Դատարանը (դատավոր` Պ.Օհանյան) նրան դատապարտեց 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Էդգար Առաքելյանը, ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել հանրահավաքը ցրելու ընթացքում, որի արդյունքում մահակով ստացած հարվածից ջարդվել են նրա ատամները: Իր նկատմամբ կիրառվող բռնության ընթացքում, ինքնապաշտպանական բնազդով նա ոստիկաններից մեկի վրա է նետել ձեռքն ընկած պոլիէթիլենի դատարկ շիշը, որն էլ նրա ազատազրկման դատավճռի հիմքն է հանդիսանում: Ձերբակալությունից հետո նաեւ դաժան ծեծի է ենթարկվել Երեւանի Էրեբունի ոստիկանությունում, ենթարկվել վարչական կալանքի, որից հետո Երեւանի ոստիկանության քաղաքային վարչությունում նույնպես դաժան ծեծի է ենթարկվել:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազությունում քննիչների կողմից հայհոյանքների եւ սպառնալիքների միջոցով նրանից կորզվել են ցուցմունքներ: Դատարանը հաշվի չառավ Էդգար Առաքելյանի նկատմամբ կիրառված վերոհիշյալ խոշտանգումները, թեպետ համաձայն «Խոշտանգումների եւ այլ դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 11, 12, 13-րդ հոդվածների, դատարանը պարտավոր էր անհապաղ անաչառ հետաքննություն անցկացներ խոշտանգումների փաստի կապակցությամբ:

Սույն դատավճռով եւս մեկ անգամ հաստատվեց Հայաստանում արդարադատության բացակայությունը: Քրեական օրենսգիրքը իշխանությունների ձեռքին ծառայում է որպես մահակ:

Մենք ներքոստորագրյալներս հայտնելով մեր զորակցությունը Էդգար Առաքելյանին `հայտարարում ենք, որ ոչ այս դատավարությունը, եւ ոչ էլ կիրառված ու կիրառվելիք այլ կարգի բռնություններ չեն կարող շեղել մեր ժողովրդին դեպի ժողովրդավարություն եւ ազատություն տանող ճանապարհից, քանի որ այն այլընտրանք չունի:

Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խումբ`
ԱրտակԿիրակոսյան
Գայանե Մարկոսյան
Գեորգի Վանյան
Ավետիք Իշխանյան
Արթուր Սաքունց
Վարդան Հարությունյան